Հովիկ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:
Նույն օրը երեկոյան Բուրաբայում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:
Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և խորացումը: Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են, որ երկկողմ գործակցությունը վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է: Հայաստանի և Բելառուսի վարչապետները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել տնտեսական կապերի հետագա զարգացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը:
Առանձնազրույցի ընթացքում վարչապետներ Աբրահամյանը և Կոբյակովն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի: