«Ասում է՝ «ես եմ, որ կամ», էլ չի ասում, որ` «Ծառուկյանի կամակատարն եմ», ինչի՞ չի ասում». Աբովյանի նախկին քաղաքապետը՝ Վահագն Գևորգյանին
«Սաղ էրեխա են ինձ համար, ոչ ոքի դեմ բան չունեմ, բայցի Ծառուկյանի դրածոյից, կամակատարից»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Աբովյան քաղաքում հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց Աբովյանի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը:
Հարցին՝ ո՞ւմ նկատի ունեք՝ ասելով՝ «Ծառուկյանի դրածո», Կ. Իսրայելյանն այսպես արձագանքեց. «Նա, ով կարգ ու կանոնները խախտում էր՝ ամիս ու կես առաջ սկսել էր ընտրարշավը, 200 հազար աշխատավարձ ստացող էր Ազգային ժողովում՝ այդ ո՞նց է՝ 2-3 հարյուր միլիոնով ուզում ասֆալտ անի, այդ որտեղի՞ց, ո՞ւմ փողերով»:
Դիտարկմանը՝ քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանին սատարում են ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, Կ. Իսրայելյանն այսպես պատասխանեց. «Վահագն Գևորգյանից ինձ հարց չտաս: Ինձ բոլորովին չի հետաքրքրում, ես ասել եմ, ով՝ ում ուզում է՝ թող պաշտպանի: Նախ, ինքը ընդհանրապես այս քաղաքի համար չի աշխատել, մեկ քարը քարին չի դրել, ո՛չ ինքը, ո՛չ էլ հայրը՝ Ժիրոն, ո՛չ էլ ատամնաբույժ եղբայրը: Ի՞նչ են արել, նրա աշխատավարձը 200 հազար է եղել, ասում է՝ «ասֆալտ եմ անում», դու ասֆալտ անո՞ղ ես, դու քարը քարի վրա դնո՞ղ ես եղել: Ասում է՝ ես եմ, որ կամ, էլ չի ասում, որ՝ Ծառուկյանի կամակատարն եմ, ինչի՞ չի ասում»:
Կ. Իսրայելյանը հայտարարեց, որ ինքը քարոզարշավ չի անցկացնում. «Ինձ ո՞վ չգիտի քաղաքում, ես հիմա պետք է ձեզ ապացուցե՞մ՝ ով եմ, ինչ եմ, ես կյանքովս մեկ ապացուցել եմ, որպես ժողովրդական մարդ, ղեկավար՝ աշխատել եմ այդ ոճով, գիշեր-ցերեկ ոտքով քայլել եմ»:
Հարցին՝ հավատո՞ւմ եք, որ ընտրություններն արդար կանցնեն, Կ. Իսրայելյանն այսպես պատասխանեց. «Ամբողջ խնդիրն այդ սրիկայությունների դեմն առնելն է, Մեսրոպյան Սիրակի (Աբովյանի ընտրական հանձնաժողովի նախագահ-Ա. Ք.) դեմն առնելն է, որը քմահաճույքով թվեր է գրում, նկարում, տանում Ծառուկյանի հետ համաձայնեցնում, բերում-հրապարակում է, մենք էլ դա շատ լավ գիտենք: Ձևերն էլ գիտենք՝ ինչ են անելու, հանձնաժողովներն էլ: Ժողովրդի արյունն են խմելու, չէ՞, ինչպես հիմա խմեցին ու գնացին մարզպետ դարձան»:
Հարցին՝ ի՞նչ միջոցառումներ եք իրականացնելու, որ արդար անցնեն ընտրությունները, Կ. Իսրայելյանն այսպես պատասխանեց. «Ամբողջ խնդիրը սա է, որի շուրջ ես մտածում եմ, բայց դա չեմ ասի, որովհետև իրենց սրիկայությունների տարբերակները շատ են»: