Բաժիններ՝

Աշոտ Սուքիասյանը մեղադրանքը չի ընդունում

«Օֆշորի» հայտնի գործով նախաքննությունն ավարտվել է, այժմ կողմերը ծանոթանում են քրեական գործի նյութերին: Այս գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործը կազմված է 32 հատորից, և իրենք շարունակում են ծանոթանալ գործի նյութերին:

Հարցին, թե ինչպես է գնահատում քրեական գործի նախաքննությունը, արդյոք այն օբյեկտիվ և բազմակողմանի եղե՞լ է, փաստաբանը պատասխանեց. «Բազմակողմանիության հետ համաձայն չեմ, քանի որ Աֆրիկայում քննչական գործողություններ կատարելուն պատասխան չի տրվել: Այսինքն՝ բազմաթիվ հանձնարարական գրություններ էին ուղարկվել, նրանց Դատախազության կողմից դրանց պատասխանը պետք է տրվեր Սերա Լեոնե քաղաքում, սակայն Աֆրիկայից մինչ օրս իրենք իրենց ուղարկած քննչական հանձնարարությունների պատասխանը չեն ստացել»:

Մեր հարցին՝ արդյոք մեղադրանքի ծավալում փոփոխություն եղե՞լ է, Ա. Սուքիասյանի պաշտպանը պատասխանեց. «Մեկ հոդված հանվել է: Ուրիշի գույքին դիտավորությամբ վնաս հասցնելը հանվել է, դրվել է հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու հոդված»: Պաշտպանը տեղեկացրեց, որ Ա. Սուքիասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

«Չի ընդունում, քանի որ դրանք տեղի են ունեցել քաղաքացիաիրավական հարթության մեջ, և Քրեական օրենսգրքի հանցակազմերին բնորոշ դիսպոզիցիա չկա: Ես համաձայն չեմ դրան, պաշտպանյալս ևս համաձայն չէ, քանի որ ինքը ոչ դիտավորություն է ունեցել խարդախություն կատարելու, ոչ էլ ուրիշի գույքին տիրանալու: Դա բիզնես ռիսկային գոտի է՝ Աֆրիկա, Հայաստանից Աֆրիկա գործողություններ պետք է կատարվեին, ինչը ձախողվել է: Մեկ տարվա մեջ միանգամից բանկը գրավադրված գույքի վրա սկսել է բռնագանձում կիրառել, սակայն պայմանագիրը կնքված էր մինչև 2020թ.: Այսինքն՝ դեռ վարկ ստանալուց մեկ տարի չանցած սկսվել է վարկի ամբողջությամբ հետ պահանջումը: Իսկ Աֆրիկայում` անձրևներ, տարբեր բնակլիմայական պայմաններ, տեխնիկայի համալրում, ներդրում…:

Կարդացեք նաև

Փայլակ Հայրապետյանը տեսել է, որ բանկը բռնագանձում է կատարում, գնացել է Աֆրիկա, դուրս է եկել Աշոտ Սուքիասյանի դեմ: Դատական քաշքշուկներգ ու բիզնեսը ձախողվել է: Դա է ամբողջ պատմությունը: Մնացածը թող դատարանն օբյեկտիվ քննի, պարզի»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանն ասաց, որ նյութերին ծանոթանալուց հետո միջնորդություններ չի ներկայացնելու:

«Ինչ ներկայացնեմ` մերժելու են: Ես Աֆրիկայից ներկայացված ապացույցներ էի ներկայացրել: Իհարկե, այնտեղի դատական գործերից և այլ փաստաթղթեր կային ներկայացված, որոնք նրանք մեզ բնօրինակով չէին ուղարկի: Մեր դատարանից նույնիսկ բնօրինակ ուզենք, չեն ներկայացնի, իսկ քննչական մարմինն առանց հակափաստարկ ունենալու` դա ապացույց չճանաչեց: Դրա համար ես հիմա չեմ ուզում միջնորդություններս ներկայացնեմ, իրենք մերժեն, մի հատ էլ դատարանը կաշկանդված լինի քննչական մարմնի մերժման որոշումներից»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ միջնորդություններ կներկայացնի դատարանում:

Ա. Սուքիասյանի պաշտպանը, ի պատասխան մեր հարցի, ասաց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ ևս միջնորդություն չի ներկայացնի. «Մեկ անգամ արել եմ, մերժել են: Դատաքննության ընթացքում անիմաստ է, դատաքննության ընթացքում հիմնական շեշտը դրվելու է նրա վրա, որ հանցակազմ չկա»:

Հարցին, թե ի՞նչ փաստեր է նախաքննական մարմինը դրել Ա. Սուքիասյանին առաջադրված մեղադրանքի հիմքում, փաստաբանը պատասխանեց, որ հիմքում դրված է տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանի ցուցմունքը. «Հիմնավոր փաստեր չկան քրեական գործում՝ իր մեղադրանքը հիմնավորելու համար, քանի որ հենց քննչական մարմինը պետք է ապացույցներ բերեր, որ Աֆրիկայում քննություն ենք արել, փաստաթղթեր ենք պահանջել, ժխտվում է, որ Դուք այնտեղ որևէ կազմակերպություն եք ունեցել, որևէ ներդրում եք կատարել: Իրենք դրանք ժխտված տարբերակով էլ չունեն, իսկ բոլոր չփարատված կասկածները, ըստ օրենքի պահանջի, պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի և ոչ թե` մեղադրյալի դեմ: Հիմա իրենք հակառակ կողմից են գալիս»:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել այդ գործով տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանի հետ՝ պարզելու վերջինիս գնահատականը նախաքննությանը: Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հայց է ներկայացրել Փայլակ Հայրապետյանի դեմ: Datalex դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ Տ. Սարգսյանը պահանջում է իր կարծիքով զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ: Գործով երրորդ անձ է ճանաչվել Գագիկ Շամշյանը: Գործը մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին, հունիսի 9-ին նշանակվել է նախնական դատական նիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս