Վրաստանում գրանցվել է վերջին 11 տարում գործազրկության ամենացածր մակարդակը. Գարիբաշվիլի
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանում վերջին 11 տարում առաջին անգամ գրանցվել է գործազրկության ամենացածր ցուցանիշը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին` ներկայացնելով համապատասխան վիճակագրական տվյալներ:
Գարիբաշվիլին դա որակել է որպես երկրի կառավարության ճիշտ քաղաքականության արդյունք. «Գործազրկության մակարդակը նվազել է 2.2 տոկոսով և աճել է զբաղվածության ցուցանիշը: Դա շատ լավ ցուցանիշ է:
Մեր կառավարության ու ճիշտ քաղաքականության շնորհիվ նախորդ տարի ստեղծվել է 33.100 աշխատատեղ: Եվ որ ամենագլխավորն այն է, որ նոր աշխատատեղերի 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր սեկտորին:
Պետք է ընդգծել, որ գործազրկության այդպիսի կրճատում Վրաստանում չի գրանցվել 11 տարի: Նախորդ տարի ՀՆԱ-ի աճը կազմել է 4.8 տոկոս, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակին` 3.2 տոկոս, ինչն աննախադեպ ցուցանիշ է տարածաշրջանում»:
Գարիբաշվիլին հավելել է, որ «Արտադրի´ր Վրաստանում» ծրագրի շրջանակներում ստեղծվել է 78 նոր ձեռնարկություն: Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական ոլորտում բացվել է 119 ձեռնարկություն: