«Հանրապետականն այդքան շահագրգռված չէ». Էդվին Թադևոսյանն իրեն մրցակից է համարում միայն Պալաչին

168.am-ի զրուցակիցն է Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Էդվին Թադևոսյանը:

– Պարոն Թադևոսյան, ինչքանո՞վ եք հավանական համարում, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում հենց Դուք կընտրվեք Աբովյան քաղաքի քաղաքապետ:

– Շատ մեծ է հավանականությունը, միանշանակ համոզված եմ, որ ընտրվելու եմ, բացել ենք նախընտրական շտաբները, մեծ հանդիպումներ ենք կազմակերպում, երեկվանից սկսվել է մեր քարոզարշավը, և գնում ենք առաջ:

– Նշեցիք, թե համոզված եք, որ ընտրվելու եք, ինչո՞ւ պետք է աբովյանցիները հենց Ձեզ ընտրեն և ոչ՝ մյուս թեկնածուներից որևէ մեկին:

Կարդացեք նաև

– Որովհետև Էդվին Թադևոսյանն ինքնուրույն մարդ է: Աբովյանում ճանաչում են ինձ, ես ինքնահաստատման խնդիր չունեմ, գործարար եմ, կայուն եմ, իմ ամբողջ անցած ճանապարհն աբովյանցիները տեսել են և գիտեն, որ Էդվին Թադևոսյանը միայն հաղթել է՝ թե՛ ուսման ոլորտում, թե՛ պետական աշխատանքի ոլորտում, ամեն տեղ, ես երբեք չէի մտնի մի պայքարի մեջ, որտեղ կարող է պարտվելու հավանականություն լիներ, դրա համար երկար մտածել ու խորհել եմ իմ թիմակիցների հետ:

– Մյուս թեկնածուներից ո՞ւմ եք Ձեզ մրցակից համարում:

– Միայն Արթուր Հարությունյանին՝ Պալաչին:

– Ինչո՞ւ եք հենց իրեն մրցակից համարում:

– Որովհետև ժողովուրդն իրեն էլ է հավատում, ինքն էլ է ինքնուրույն մարդ, հիմա ժողովուրդը թող մեր մեջ ընտրի:

– Այսինքն՝ Դուք կարծում եք՝ ընտրությունների ժամանակ հիմնական մրցակցությունը լինելու է Ձեր և Արթուր Հարությունյանի՞ միջև:

– Այո, այդպես եմ կարծում:

– Բայց հաշվի առնելով, որ թեկնածուներից Վահագն Գևորգյանին սատարում են Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, մտավախություն չունե՞ք, որ հենց ինքն էլ կընտրվի քաղաքապետ, և ինչո՞ւ իրեն Ձեզ մրցակից չեք համարում:

– Այ, լավ ասացիք, նրան ինչ-որ կազմակերպություններ, ինչ-որ մարդիկ են սատարում, իրեն աբովյանցին չի սատարում, այդ կառույցներն աբովյանցու ձայնը չունեն, աբովյանցու ձայնն է վճռական լինելու: Ես երբ որոշել էի առաջադրվել, ես երբեք չեմ ակնկալել, որ որևէ կուսակցություն պետք է ինձ սատարի, կամ որևէ մեկը պետք է ինձ սատարի: Հավատացեք, որ ակնկալեի՝ կսատարեին:

– Այսինքն՝ Դուք հավատո՞ւմ եք, որ ընտրություններն արդար են անցնելու, այդ խոշոր կուսակցությունները, որոնք սատարում են, օրինակ՝ Վահագն Գևորգյանին, ոչ մի ազդեցություն չե՞ն ունենալու ընտրությունների ժամանակ:

– Հանրապետականն այդքան շահագրգռված չէ: Ինչ-որ մարդու շուրջ համախմբված վիճակ է, դպրոցներում, մանկապարտեզներում ցուցակ են ուզում, պահանջում են, բայց դրանով ի՞նչ են տալու: Այսօր մենք ունենք կայացած պետություն, այդ պետությունն ունի իր ինստիտուտները, այդ ինստիտուտները կայացած են, որոշ չափով ապաքաղաքականացված են, մեր թիմը, մեր վստահված անձինք, մեր դիտորդները, մեր սիրելի լրագրողները կկանգնեն և կհետևեն, ես ամեն տեղ տեղադրելու եմ 1-2 տեսախցիկ՝ ամեն ընտրատեղամասում: Այսինքն՝ մենք մեր ձայները պահելու ենք:

– Բայց վստա՞հ եք, որ ընտրակաշառք չեն բաժանում կամ ուրիշ կեղծ միջոցների չեն դիմում այս ընթացքում:

– Ամեն ինչ կփորձեն անել՝ և՛ ընտրակաշառք կփորձեն բաժանել, և՛ վախեցնել, և՛ համոզել: Ամեն ինչ կփորձեն անել, աբովյանցին էլ պետք է հասկանա, որ մի օրվա խնդիր լուծելով չի: Այսինքն՝ մենք գալիս ենք ամբողջ 4 տարվա համար, ծրագիր փոխելու համար, ես գալիս եմ ավելի քան 100 աշխատատեղ ստեղծելու Աբովյանում, ես ռեալ ծրագրով եմ գալիս: Գալիս եմ, որ քաղաքապետը հասանելի լինի աբովյանցուն, որ աբովյանցին պահանջի քաղաքապետին: Ես ոչ մի բանի կարիք չունեմ, ես իմ մինիմալներն ապահոված եմ:

– Դուք շարունակելո՞ւ եք Կարապետ Գուլոյանի գործելաոճը, թե՞ Ձեր քաղաքապետ լինելու ժամանակ շատ փոփոխություններ են լինելու Աբովյանում:

– 180 աստիճանով ամեն ինչ փոխվելու է դեպի լավը, դեպի աբովյանցին: Իմ առաջադրումով և իմ հաղթանակով մարդկանց մեջ հույս է առաջացել, որ Աբովյանում լինելու է համախմբում, ես ոչ ոքի ինձ թշնամի, հակառակորդ չեմ համարում: Ես ուզում եմ՝ Աբովյանում համախմբում լինի: Աբովյանցին զգա իրեն՝ ինչպես հպարտ քաղաքացի, պահանջատեր լինի և՛ քաղաքապետից, և՛ այն մարդկանցից, ովքեր ինչ-որ հնարավորություն ունեն: Իմ հիմնական բիզնեսները Երևանում են, մարդիկ ինձնից կախված չեն:

Լուսանկարը՝ armlur.am-ի

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս