«Քանյեն ինձ արթնացրեց և ասաց, որ մտադիր է համերգ տալ Կարապի լճում». Քիմ Քարդաշյան
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվելով «Live! With Kelly & Michael» շոու-ծրագրին՝ խոսել էր ամիսներ առաջ, ապրիլի 8-13-ն ամուսնու՝ աշխարհահռչակ ռեփ երգիչ Քանյե Ուեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի, և դստեր՝ Նորթ Ուսեթի հետ Հայաստան կատարած այցի մասին:
Քիմ Քարդաշյանն ասել է, որ Հայաստան այցելությունը խոր ազդեցություն է ունեցել իր վրա: «Դա իմ ժառանգությունն է: Իմ ծնողները, իմ տատերն ու պապերը նույնպես երբեք Հայաստանում չեն եղել, բայց այդ մասին խոսել են իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Ես Հայաստան գնացի ամուսնուս, դստերս, քրոջս և զարմուհիներիս հետ։ Ես նույնիսկ Նորթին մի քանի հայերեն բառեր եմ սովորեցրել։ Այնտեղ մենք միշտ հայկական ուտեստներ էինք փորձում։ Ես երբեք ինձ այդչափ տանը չէի զգացել, ինչպես Հայաստանում։ Իսկ Երուսաղեմի հայկական եկեղեցում Նորթին կնքելը պարզապես սուրբ և վեհ իրադարձություն էր։ Ես երբեք նման զգացողություններ չէի ապրել»,- ասել է Քիմը:
Անդրադառնալով ապրիլի 13-ի գիշերը Կարապի լճի մոտ ամուսնու՝ Քանյե Ուեսթի համերգին՝ Քիմը նշել է, որ դա պարզապես վերջին րոպեին կայացված որոշում էր: «Վերջին օրը՝ երեկոյան ժամը 11-ին, Քանյեն ինձ արթնացրեց և ասաց, որ մտադիր է համերգ տալ։ Մենք այդ մասին հայտարարեցինք Twitter-ում և չէինք ակնկալում, որ 30 րոպե անց 5000 մարդ կհավաքվի լճի մոտ։ Պարզապես անհավանական էր, քանի որ երբեք համաշխարհային մեծության որևէ աստղ անվճար համերգ չէր ունեցել այնտեղ։ Իսկ հետո Քանյեն ցատկեց լիճը, նրան հետևեցին երկրպագուները։ Ուղղակի անկրկնելի երեկո էր»,- պատմել է Քիմը: