Ոստիկանը ՀԽ-ի երիտասարդ աջակիցներին ասել է՝ «Չե՞ք հասկանում, որ ձեզ պետք է բաժին տանենք, ի՞նչ եք երկար-բարակ խոսում»
Արդեն 2 օր է` «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) իրազեկման ակցիաների ժամանակ ՀԽ-ի երիտասարդ աջակիցներին բերման են ենթարկում Ոստիկանության բաժանմունքներ: Երեկ առավոտյան էլեկտրասյուներին պաստառներ փակցնելու համար բերման էին ենթարկել 9 երիտասարդի, իսկ այսօր՝ 2:
168.am-ի հետ զրույցում ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ, եթե երեկ իրենց երիտասարդ աջակիցները պաստառներ էին փակցնում էլեկտրասյուների վրա (որոնց վրա, ըստ նրա՝ շատերն են հայտարարություններ փակցնում), ու դա համարվել էր օրենքի խախտմամբ հանրային տարածքների օգտագործում, այս անգամ ՀԽ-ի երիտասարդ աջակիցները պաստառներ են փակցրել հայտարարությունների համար նախատեսված վահանակների վրա, որոնք հատուկ տեղադրված են քաղաքապետարանի կողմից, որպեսզի քաղաքացիները և տարբեր իրավաբանական անձինք օգտվեն իրենց վերաբերյալ տեղեկատվություն տարածելու վերաբերյալ, բայց այս անգամ ևս երիտասարդներից 2 հոգու բերման են ենթարկել:
«Դեռ չեմ հասցրել երիտասարդների հետ խոսել, հնարավոր է՝ նույն պատճառաբանությունը բերած լինեն, հնարավոր է, որ ուղղակի ասած լինեն, որ չեն թույլատրում, և վերջ, որովհետև նախորդ օրը երբ տարել էին՝ երիտասարդների հետ բանավոր պարզաբանումների վերջում պարզապես ասել էին՝ «չե՞ք հասկանում, որ ձեզ պետք է բաժին տանենք, ի՞նչ եք երկար-բարակ խոսում»»:
Նա տեղեկացրեց, որ այն 2 երիտասարդները, որոնց այսօր բերման էին ենթարկել, արդեն ազատ են արձակվել: Վ. Ավետիսյանը կարծում է՝ Ոստիկանության նման պահվածքի նպատակը խոչընդոտելն է և վարչական տուգանքի սպառնալիքով՝ երիտասարդներին հետ պահելն այդ գործից: