Բաժիններ՝

Հայկազ Բարսեղյանին վիրավորելու գործով զինծառայողը դատապարտվել է. պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվող զինծառայող Ա. Մարտիրոսյանը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 2 ամիս ժամկետով կալանքի: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Ըստ դատարանի դատավճռի՝ Հայկազ Բարսեղյանի սպանության քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և առանձին վարույթով առանձնացվել է այս քրեական գործը:

2015թ. մարտի 26-ին Արշակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել զինծառայողին վիրավորանք հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մաս:
2015թ. ապրիլի 4-ին որոշում է կայացվել Հայկազ Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` վերջինիս մահվան հիմքով։

Ա. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1-ին մարտկոցի 1-ին դասակի կուրսանտ, 2015թ. հունվարի 28-ին` ժամը 20։00-ի սահմաններում, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում ՀՀ ԶՈւ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո` Ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին, զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ և 65-րդ հոդվածներով սահմանված` զինվորական ընկերասիրությունը բարձր պահելու, զինծառայողներից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը հարգելու, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ կոպտություն և ծաղրուծանակ թույլ չտալու, զինվորական հարգանքի և վարքի կանոնները պահպանելու զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել և քաշքշել է վերջինիս` այդ կերպ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Դատարանի դատավճռի համաձայն՝ մինչ դատաքննություն սկսելն ամբաստանյալ Ա. Մարտիրոսյանը միջնորդել է գործը քննել դատական քննության արագացված կարգով։ Ամբաստանյալը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ և հասկանալի է, համաձայն է դրա հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում։ Ամբաստանյալը նաև հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացնում է կամավոր` նախապես խորհրդակցելով իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու իրավական հետևանքները։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և գործը քննել արագացված դատաքննության կարգով։

Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել։

Իր վճռում դատարանը նշել է. «Հաշվի առնելով ամբաստանյալ Ա. Մարտիրոսյանի անձը դրականորեն բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները` մասնավորապես` երիտասարդ լինելը, նախկինում դատապարտված չլինելը, անկեղծորեն զղջալն ու առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը, ներկայումս զինվորական ծառայության մեջ գտնվելու փաստը, ծառայության վայրում դրականորեն բնութագրվելը, տույժեր չունենալը, նրան վերագրվող հանցագործության բնույթն ու վտանգավորության ցածր աստիճանը (ոչ մեծ ծանրության հանցագործություն է), պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` դատարանը հանգում է այն համոզվածության, որ վերջինիս ուղղվելը և նոր հանցագործությունների կանխելը հնարավոր է նրա նկատմամբ կալանքի ձևով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու և միաժամանակ ողջամիտ, տվյալ դեպքում՝ մեկ տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու պայմաններում։ Այդ պատիժն է արդարացի ու միաժամանակ անհրաժեշտ սոցիալական արդարությունը վերականգնելու, ամբաստանյալ Ա. Մարտիրոսյանին ուղղելու և հնարավոր նոր հանցագործությունները կանխելու համար։ Դատարանը գտնում է, որ նշանակվող պատիժը կրելու ընթացքում Ա. Մարտիրոսյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունն անհրաժեշտ է հանձնարարել համապատասխան զորամասի հրամանատարությանը, իսկ նրան մինչև փորձաշրջանի ավարտը զորացրելու պարագայում, զորացրման պահից` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության համապատասխան ստորաբաժանմանը»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս