Հայաստանը հետաքրքիր թեկնածու է ԵՄ-ի համար. Պավել Բաև
«Հայաստանի եվրոպական և եվրասիական օրակարգերը լիովին համադրելի են»,- այսօր այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Օսլոյի խաղաղության հետազոտության ինստիտուտի ղեկավար, Բրուքինգսի ինստիտուտի գիտաշխատող, հեղինակավոր վերլուծաբան Պավել Բաևն՝ անդրադառնալով Հայաստանի եվրասիական և եվրոպական օրակարգերի համադրելիությանը: Խոսելով նոր իրավական շրջանակի շուրջ աշխատանքներ սկսելու՝ ՀՀ-ԵՄ պայմանավորվածության մասին, որը ձեռք է բերվել Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում և ամրագրվել ամփոփիչ հռչակագրում, նա նշեց, որ Հայաստանի որդեգրած եվրասիական և եվրոպական օրակարգերը համադրելի են լիովին:
Ավելին, Բաևի հավաստիացմամբ՝ Հայաստանը հետաքրքիր օրինակ է Եվրոպական միության երկրների համար, քանի որ Բրյուսելում և ԵՄ տարբեր մայրաքաղաքներում շատ մեծ է ցանկությունն իրական օրինակների վրա ցույց տալու, որ «կարթն» այս կամ այն կողմ քաշելու, պայքարի և այս տարաշաշրջանում ավելի ամուր դիրքեր ունենալու մասին չէ: «Ուկրաինական ճգնաժամի ֆոնին ԵՄ-ն ջանում է ցույց տալ, և դա երևաց Ռիգայում անցկացված գագաթաժողովի ժամանակ, որ հնարավոր է համատեղում, որ հնարավոր է մասնակցություն և՛ ՌԴ տնտեսական նախաձեռնություններին, և՛ ԵՄ քաղաքական նախաձեռնություններին: Հայաստանը շատ լավ թեկնածու է, որի միջոցով ԵՄ-ն իր այդ կամքը ցույց է տալիս, մնացածը կախված է այս հարցի մյուս երկու կողմերից` Հայաստանից և Ռուսաստանից»,- ասաց Պավել Բաևը: