Թուրքիան չունի Սիրիա մտնելու պլան. Չավուշօղլու
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան ու Սաուդյան Արաբիան չունեն Սիրիայի մտնելու պլան, և, որ երկու երկրների միջև չկա նմանատիպ պայմանավորվածություն:
Չավուշօղլուի խոսքերով՝ Թուրքիան ու Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակներում զբաղվելու են Սիրիայի ապստամբների ռազմական ուսուցմամբ՝ Ասադի վարչակարգի ու ԻՊ-ի զինյալների դեմ պայքարում նրանց ազդեցիկ ուժի վերածելու համար:
Չավուշօղլուն ընդգծել է, որ պլանավորված է տարեկան ռազմական ուսուցում տալ 2000 ապստամբի, սակայն հայտնի չէ, թե այս տարի որքան կլինի նրանց թիվը:
Անդրադառնալով Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող «Ինջիռլիքի» ավիաբազայից Predator («Գիշատիչ») տիպի անօդաչու թռչող սարքերի թռիչքներին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ դրանք միտված են դիտարկում անցկացնելու և հետախուզական տվյալներ հավաքելու և ոչ թե՝ հարվածներ հասցնելու համար: