Պարտքը վախեցնող բան չէ, այլ հարց է, թե ինչպես ես այն կառավարում. Արթուր Ջավադյան
Այս տարվա բյուջեում դրամ/դոլար փոխարժեքը դրված է 411 դրամ, սակայն ԿԲ կայքում այսօր հաշվարկային փոխարժեքը 477.36 դրամ է: Արտաքին պարտքի սպասարկման համար ՀՀ կառավարությունը հաշվարկում է բյուջեում սահմանված փոխարժեքի ցուցանիշով, իսկ տարբերության ռիսկը կրում է Կենտրոնական բանկը: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ սահմանված պարտքի հաշվարկման համար փոխարժեքի արժեքը մտահոգիչ թիվ է:
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի համոզմամբ՝ պարտքը վախեցնող բան չէ, այլ հարց է, թե ինչպես ես կառավարում պարտքը. «Եթե խնդիրները լուծվում են, մտահոգվելու խնդիր չկա: Եթե կայուն պարտքի սպասարկում ունես, որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում: Վարկային միջոցների օգտագործման արդյունավետության մասին մտահոգությունները հասկանալի են»:
Ըստ նրա՝ ֆինանսական միջնորդությունն ավելացել է 3 անգամ, ակտիվներ/ՀՆԱ և վարկեր/Հնա ցուցանիշը աճել է 3 անգամ, որը լուրջ ցուցանիշ է: Նշելով, որ ԿԲ-ն 5 անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույք է իջեցրել, թուլացնելով պայմանները, Ա.Ջավադյանը հայտարարեց, թե դրա ազդեցությունը միանգամից չի լինում, պետք է հիմա զգացվեր, բայց արդյունքը սառեցվեց ՌԴ-ում զարգացումներով: