«Սպանեք Լիսկային Ձեր մեջ». Լևոն Զուրաբյան

«Սպանեք Լիսկային Ձեր մեջ: Դա իմ խորհուրդն է ձեզ բոլորիդ, նաև Սուրիկ Խաչատրյանին»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը կապ ունի՞ Սյունիքի մարզպետի դեմ իրականացված կրակոցների հետ:

Անդրադառնալով ԱԺ քառօրյային՝ Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ ամեն ինչ արեցին, որ օրակարգ չմտնի և չքննարկվի էլեկտրաէներգիայի հարցը: Նա կոչ արեց մասնակցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մայիսի 27-ին նախատեսվող երթին. «Սա պետք է դարձնել մի երթ, որ թույլ կտա ՀՀ իշխանություններին սթափեցնել և հիշեցնել, որ ամեն ինչ չէ, որ ժողովուրդը պատրաստ է մարսել»:

Լ.Զուրաբյանը դժգոհեց ԱԺ-ում գլխավոր դատախազի պահվածքից: Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչո՞ւ են ուզում 250 մլն դոլար պարտքը դնել ժողովրդի ուսերին: Պատգամավորի խոսքով՝ դատախազությունը պետք է ուսումնասիրի ու պարզի դա, նաև նույն կերպ պետք է ուսումնասիրի «Նաիրիտի», ՀԷՑ-ի խնդիրները, բայց անգործություն է դրևորում: Նա փաստեց, որ դատախազությունը պարտավոր է քր. գործ հարուցել անհրաժեշտ առիթների և հիմքերի դեպքում, և օրենքի 175 ու 176 հոդվածները նշում են նաև, որ հիմք են հանցագործությունների մասին լուրերը. «Անգամ մի հաղորդումը ԶԼՄ-ում առիթ է հանդիսանում համապարփակ քննություն իրականացնելու համար, առավել ևս, երբ ամբողջ մամուլն է հեղեղված այդ հարցով, դատախազությունը պետք է զբաղվի»:

Լ.Զուրաբյանը հայտարարեց, թե էներգետիկայի նախարարն ասել է ճշմարտությունը գողության մասին, բայց որ ասում է փաստեր չունի, դա դեմագոգիա է, և նույնը «Նաիրիտի» դեպքում է, որ չունի փաստեր դատախազություն դիմելու համար. «Կան աղաղակող տեղեկություններ կատարված թալանի մասին, եթե իրենք չեն այդ թալանը ղեկավարում, պարտավոր են այդ փաստերը ուսումնասիրել: Եթե նա դա չի անում, դա նույնպես հանցավոր անգործություն է»:

Տեսանյութեր

Լրահոս