Կառավարությունը ԿԲ-ին 10 մլրդ դրամի բյուջետային կտրամադրի՝ 8% տոկոսադրույքով
Իր նախորդ նիստում գործադիրը սահմանել էր, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող մատչելի վարկերի ծրագրի շարունակությունն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկին 2015թ. հատկացվելու է 10 մլրդ դրամ: Ելնելով դրանից, այսօր կառավարությունը որոշել է ԿԲ-ին հատկացնել 10 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ՝ մարման որոշակի ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով:
Հիշեցնենք, որ կառավարության մայիսի 14-ի նիստում Հովիկ Աբրահամյանը անդրադարձել էր գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորմանը: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի քննարկած ծրագրի՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և մի քանի այլ բանկեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին 14 տոկոսով վարկեր էին տրամադրում, որի 6 տոկոսը սուբսիդավորում էր ՀՀ կառավարությունը: Վարկը գյուղացուն էր հասնում 8 տոկոսով, ինչը մատչելի վարկային ռեսուրս է: Եվ քանի որ այժմ Կենտրոնական բանկը ռեսուրսի պակաս ունի, վարչապետը երեկ ուշ երեկոյան հարցը քննարկել էր ՀՀ նախագահի հետ: Որոշվել էր պետբյուջեից 2015թ. ընթացքում 10 մլրդ դրամ հատկացնել Կենտրոնական բանկին, որն իր հերթին գումար կտրամադրի այդ ծրագրով զբաղվող բանկերին: Կառավարությունը դարձյալ կսուբսիդավորի տոկոսադրույքը՝ ապահովելով, որ գյուղացին վարկն ստանա 8 տոկոսով: Երեք միլիարդ դրամը կհատկացվի արդեն այս ամիս, իսկ յոթ միլիարդը՝ մինչև տարեվերջ: