Անդրեա Պիռլո. «Ես հպարտ եմ իմ անցյալի ամեն վայրկյանի համար»
Ֆուտբոլային ակումբներում և հավաքականներում միշտ էլ կան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր բոլորից շատ գոլ չեն խփում, չեն զարդարում հեղինակավոր ամսագրերի առաջին էջերը, մամուլի քննարկման հիմնական առարկան չեն դառնում, բայց նրանց հետևելը պարզապես հաճույք է պատճառում: Հենց այսպիսի ֆուտբոլիստներին են հաճախ անվանում ֆուտբոլային կախարդ: Այդպիսի մի կախարդի մասին էլ խոսելու ենք այսօր. Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» «քանդակագործ» Անդրեա Պիռլոն այսօր դառնում է 36 տարեկան:
«Հիմար» ազգանուն
Դեռ մանկուց ապագա ֆուտբոլային աստղ Անդրեան խնդիրներ է ունեցել՝ ազգանվան հետ կապված: Բանն այն է, որ Pirla իտալերենից թարգմանաբար նշանակում է՝ հիմար (սա բառի ամենամեղմ թարգմանությունն է): Այս ազգանունն արմատական վերլուծության չի ենթարկվում ոչ մի կերպ, այն իտալական ավանդական ազգանուն է: Նման տարօրինակ ազգանուններ ունեն նաև Պիռլոյի խաղընկերները, օրինակ՝ Ջանլուիջի Բուֆֆոնի ազգանունը թարգմանվում է՝ որպես ծաղրածու:
Ֆուտբոլային ընտանիք
Անդրեան ֆուտբոլ խաղալ է սկսել իր եղբոր՝ Իվանայի օրինակին հետևելով: Պատանեկան տարիքում գրեթե բոլորը կարծում էին, որ Իվանան ավելի տաղանդավոր է, քան մեր այսօրվա հերոսը: Սակայն Անդրեայի աշխատասիրությունը նրան հասցրեց իրական բարձունքների: Ինչ վերաբերում է Իվանային, ապա պետք է նշել, որ նա Իտալիայի սերիա c-ից ավելի այդպես էլ չհասավ:
Փոխանցումների արքան
Պիռլոն, իրավամբ, համարվում է տուգանային հարվածներ իրացնող լավագույն ֆուտբոլիստներից մեկն աշխարհում: Դրա համար նա ստացել է «քանդակագործ» մականունը: Նա անվրեպ է իրացնում գրեթե բոլոր 11-մետրանոց հարվածները:
Վերհիշենք Պիռլոյի իրացրած 11-մետրանոցը Հայաստանի ազգային հավաքականի դարպասը:
Մեծագույն սեր
Իր առաջին և միակ սիրուն Պիռլոն հանդիպել է 18 տարեկան հասակում:Նրանք ծանոթացել են Պիռլոյի հարազատ Բերշիա քաղաքում: Զույգը բաժանվեց այն ժամանակ, երբ Պիռլոյի ընկերուհու հայրն արգելեց նրան Պիռլոյի հետ գնալ Միլան:
Սակայն իսկական սիրո համար արգելքներ չկան: 2001 թվականին Պիռլոն կազմավորեց իր ընտանիքը: Պիռլոն 2 երեխա ունի. մեծ տղան՝ Նիկկոլոն, և աղջիկը՝ Անժելան:
Պիռլոն մեկ անգամ չէ, որ ասել է, թե կարևոր խաղերից առաջ մոտիվացիայի հիմնական աղբյուրն իր երեխաներն են:
Անցյալի գնահատում
Պիռլոն հաճախ է սիրում կրկնել, որ իր չի զղջում իր կատարած և ոչ մի քայլի համար:
«Երբ ես քնելուց առաջ կամ առավոտյան նայում եմ հայելու մեջ, տեսնում եմ չսափրված, մեծ քթով, անճոռնի ականջներով ինչ-որ սարսափելի կերպարանք: Բայց այս կերպարանքն անչափ երջանիկ է և հպարտ իր անցյալի ամեն մի վայրկյանի համար»:
Սիրարփի Աղաբաբյան