Ինչի՞ է պատրաստ սյունեցի պատգամավորը՝ հանուն Սուրիկ Խաչատրյանի

Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «դավ» էր նյութվել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դեմ: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման ու նրա ընտանիքի առնչությունների մասին Զ.Փոստանջյանի ելույթից հետո ամբիոն բարձրացավ Սյունիքից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանը ու հայտարարեց, թե նախապես չէր ծրագրել ելույթ ունենալ, բայց գործընկերոջ ելույթից հետո որոշեց «այդ բարձր ամբիոն» բարձրանալ:

Սակայն նշենք, որ հայտարարությունների ժամին ելույթ ունենում են նախապես գրանցված պատգամավորները, և Գրիգորյանը հերթագրվել էր ու 8-րդն էր շարքում, մինչդեռ՝ Փոստանջյանի ելույթը շատ ավելի ուշ էր:

Զ.Փոստանջյանի ելույթը սյունեցի պատգամավորն անվանեց «մթագնած երևակայությանը զարկ տալ», «նեխած մտքեր», «գյուլնազ տատու հեքիաթներ», որ մատուցում են հանրությանը: Հայտարարելով, թե Գորիսում տեղի ունեցած դեպքերը ցանկացած մարդու համար անընդունելի է և ցանկացած մարդ, ով հանցագործություն է իրականացրել պետք է ենթարկվի պատասխանատվության, Գրիգորյանը նշեց, թե Փոստանջյանը փորձում է Տիգրան Խաչատրյանին հակահերոս դարձնել:

Հարցադրում անելով, թե եթե հետաքննությունը պարզի, որ Տիգրան Խաչատրյանի մեղքը հավասար է զրոյի, Փոստանջյանը ներողություն կխնդրի՞, Գրիգորյանը իր «մտահոգությունը» հայտնեց Փոստանջյանի «հոգեկան ու մտավոր վիճակի» համար և սեփական անձը «կարեկից» ներկայացնելով, ասաց, թե «բազմազավակ մորը պատրաստ է տրամադրել հոգեկան և բժշկական աջակցություն, որի համար կդիմի համապատասխան մասնագետների»:

Կարդացեք նաև

Նիստից հետո ԱԺ միջանցքում Գրիգորյանը հրաժարվեց պարզաբանել իր ելույթը ու շարունակեց վիրավորանքներ տեղալ՝ այս անգամ լրագրողների հասցեին:

Տեսանյութեր

Լրահոս