ՀՀ արդարադատական համակարգում լիարժեք անկախության չկա. Ալվինա Գյուլումյան
ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին դատավոր, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ ՀՀ արդարադատական համակարգում լիարժեք անկախության չկա:
«Ես չեմ կարող ասել, կոնկրետացնել անձանց, բայց կարող եմ համաձայնել, որ լիարժեք անկախության չկա, և ես դա մեծամասամբ պայմանավորում եմ դատավորի անձով, դատավորը պետք է անկախ գործի»,- ասաց Ա.Գյուլումյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա, հատկապես հասարակական ու քաղաքական հնչեղություն ունեցող գործերի դեպքում որոշումը կայացվում է ոչ թե դատարանի կողմից, այլ քաղաքական իշխանության:
Ա.Գյուլումյանը չհամաձայնեց, որ եթե դատավորը չկատարի քաղաքական իշխանության հրահանգը, կհեռացվի պաշտոնից. «Բոլորին չեն հեռացնի: Դատավորները պետք է լինեն անկախ, համենայնդեպս, շատ ավելի բարդ իրավիճակներ են եղել, երբ դատավորները կարողացել են կայացնել վճիռներ իրենց համոզմունքների համաձայն»:
Ա.Գյուլումյանը նաև չհամաձայնեց, որ ՀՀ դատավորները, որոնց վճիռներին հակառակ վճիռ է կայացվում ՄԻԵԴ-ում, պետք է ֆինանսական պատասխանատվություն կրեն. «Աշխարհում նման պրակտիկա գոյություն չունի, որ ՄԻԵԴ որոշումների պատճառով դատավորի նկատմամբ պատիժ կիրառվի»: Ա.Գյուլումյանի խոսքով՝ Հայաստանը միակ երկիրը չէ, որը որոշակի գումարներ է վճարում խախտված իրավունքների համար: Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ում պատասխանողը պետությունն է, իսկ ՀՀ դեմ կայացվող վճիռների պատճառը երկրի ներսում իրավիճակն է, որը որոշակի հետևությունների տեղիք է տալիս: Ա.Գյուլումյանը որպես հնարավոր պատճառ նշեց օրենսդրական բացը, թեև չբացառեց, որ կարող են այլ պատճառներ էլ լինել: Նա ոչ հաստատեց, ոչ էլ բացառեց կոռուպցիայի առկայությունը: