Նաիրիտցիները կտեղափոխվեն Բաղրամյան 26
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները որոշել էին Կառավարության շենքի առջև 2 օր նստացույց անել, բայց քանի որ վաղը շաբաթ օր է, համարում են, որ այլևս իմաստ չունի Կառավարության շենքի մոտ նստացույց անելը: Նրանք կշարունակեն իրենց նստացույցը մինչև ժամը 20:00-ն, իսկ երեքշաբթի օրը այն կվերսկսեն աևդեն Բաղրամյան 26-ի դիմաց: Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել է Կառավարության շենքի դիմաց նստացույց անող նաիրիտցիներին, որտեղից հեռախոսազրույց է ունեցել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ:
Նախարարը Ն. Փաշինյանին խոստացավ, որ մինչև տարվա վերջ նաիրիտցիները կստանան իրենց աշխատավարձերը, սակայն նաիրիտցիներին այդ խոստումը չբավարարեց: 168.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատող, քիմիկոս-ինժեներ Անահիտ Մանուկյանը նշեց, որ իրենց այդ խոստումը չի բավարարում, որովհետև 2014 թվականի հոկտեմբեր ամսին իրենց խոստացել էին, որ իրենց աշխատավարձերի պարտքերը մինչև նոյեմբերի 20-ն ամբողջությամբ կմարեն, բայց այդպես չարեցին, հետո ասացին, որ կփակեն դեկտեմբերին, բայց դա էլ չարեցին: «Մենք իրենց չենք վստահում, որ իրենք մեր պարտքերը կփակեն: Մենք միայն Բաղրամյան 26-ից ենք սպասում մեր հարցի լուծումը»,- հայտարարեց Ա. Մանուկյանը: Մեր հարցին՝ հետագա պայքարի ի՞նչ այլ քայլերի եք պատրաստ՝ Ա. Մանուկյանը պատասխանեց, որ երեկվանից արդեն խոսակցություններ էին շրջանառվում, որ նստացույցի մասնակիցներից մի քանիսը պատրաստվում են հացադուլ հայտարարել, բայց իրենք ցանկանում են կանխել դա, քանի որ, ըստ նրա՝ դա ծայրահեղ միջոց է. «Այժմ մենք միայն մեր նստացույցերով և բողոքի ակցիաներով պայքարելու ենք, որ մեր հարցը լուծում ստանա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: