Ուկրաինան մտադիր է Ռուսաստանից գնել անհրաժեշտ գազի 50 տոկոսից ոչ ավելին. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան չի մեծացնի «Գազպրոմից» գազի գնման ծավալը` անգամ եթե դրա գինը ցածր է եվրոպական գազի գնից:

Յացենյուկն այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում կառավարական ժամի ընթացքում: Նրա խոսքերով` Ուկրաինան մտադիր է Ռուսաստանից գնել ներկրման հարցում երկրին անհրաժեշտ գազի 50 տոկոսից ոչ ավելին` չնայած նրան, որ 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը կազմում է 250 դոլարից պակաս:

Յացենյուկը մանրամասնել է, որ Ուկրաինան պահանջվող գազի մնացյալ 50 տոկոսը գնելու է ԵՄ-ից: Հայտարարելով, որ ներկայումս իրենց հաջողվել է հասնել, որ 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը պակաս լինի 250 դոլարից` Յացենյուկը հիշեցրել է, որ Ուկրաինան Ստոկհոլմի միջնորդ դատարանում «Գազպրոմից» պահանջում է 16 միլիարդ դոլարի փոխհատուցում և դեպի ԵՄ ռուսական գազի տարանցման պայմանագրի վերանայում:

Տեսանյութեր

Լրահոս