IDeA հիմնադրամի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսում անցկացվող ՎԶԵԲ-ի տարեկան ժողովին

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում էին համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ փոխտնօրեն Սերգեյ Թանթուշյանը, Թբիլիսիում մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան ժողովին  եւ գործարար համաժողովին:

RVVZ եւ IDeA հիմնադրամների  համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հրավիրվել էր որպես գործարար համաժողովի հիմնական՝ «Հեղափոխական ուղու էվոլյուցիան: Իրականություն կերտած ընկերությունների պատմություններ» («The (R)evolutionary Road: Company Stories Made Real») խորագիրը կրող թեմատիկ քննարկման բանախոս:

Քննարկումը, որը բացել է ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին, նվիրված էր մասնավոր ընկերությունների առաջընթացին եւ երկրների տնտեսության ու հասարակության մեջ նրանց ունեցած դերին:  Մասնակցում էին դինամիկ զարգացող ընկերությունների ղեկավարներ, ներդրողներ, գործարարներ տարբեր երկրներից:

Քննարկման հիմնական թեման վերաբերել է բիզնեսի համար առկա խնդիրներին եւ զարգացման հնարավորություններին:

Իր խոսքում Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է կորպորատիվ հաջողության համար անհրաժեշտ որակներին:  Խոսելով ձեռներեցության գաղտնիքների մասին, նա մասնավորապես ասել  է. «Երբ դա ձեր սեփական  բիզնեսն է, մշտապես կարիք ունեք լինել իրադարձությունների կենտրոնում եւ հանդես գալ նախաձեռնություններով, քանի որ ուրիշ  ոչ ոք հոգ չի տանի ձեր բիզնեսի մասին այնպես, ինչպես դուք ինքներդ»:

Նա նաեւ խորհուրդ է տվել. «Ներկայումս ձեռներեցները հետեւյալ հիմնական հմտությունները պետք է ունենան. չվախենալ հարմարավետության գոտին լքելուց, չվախենալ անհաջողությունից եւ նորից սկսելուց, չվախենալ  այնպիսի գործեր ձեռնարկելուց, որոնց մասին ոչինչ չգիտեք, քանի որ ժամանակի ընթացքում  դուք կստանաք ողջ տեղեկատվությունը, բայց արդեն ուշ կլինի»:

Պատասխանելով հարցին, թե ինչ է անհրաժեշտ հետագա առաջընթացի համար, Ռուբեն Վարդանյանն ասել է. «Ֆինանսական միջոցները, իհարկե, կարեւոր են, բայց դրանք ամեն ինչ չեն որոշում: Առանց տեսլականի եւ տքնաջան աշխատանքի, ոչ մի բիզնես չի կարող դիմակայել»:

Նա նաեւ պատասխանել է թեմատիկ քննարկման  մասնակիցների հարցերին:

Համաժողովի շրջանակում IDeA հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տարբեր կազմակերպությունների եւ ընկերությունների ղեկավարների հետ: Մասնավորապես՝ Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են բանկի եւ IDeA հիմնադրամի ծրագրերի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:

IDeA հիմնադրամի պատվիրակությունը հանդիպել է նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ, որի ընթացքում քննարկվել են Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու վերանորոգման, շրջակա տարածքի բարեկարգման, ինչպես նաեւ եկեղեցու վերաբացման արարողության հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քաղաքապետարանը եւ IDeA-ի թիմը կհամագործակցեն վերականգնման աշխատանքների ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծման գործում:

Սբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու վերակառուցման ընթացքին եւ վերաբացմանն առնչվող հարցերը IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը քննարկել է նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման ծրագիրն իրականացվում է IDeA հիմնադրամի կողմից: Այն մեկնարկել է 2012 թվականին: Վերականգնված եւ վերակառուցված եկեղեցու վերաբացումը նախատեսվում է գալիք աշնանը:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս