Չինաստանն ապրիլին նավթի ներկրման ցուցանիշով գերազանցել է ԱՄՆ-ին
Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ` Չինաստանն ապրիլին նավթի ներկրման ցուցանիշով առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին` վերածվելով նավթի խոշորագույն ներկրողի աշխարհում: Այս մասին են վկայել Չինաստանի մաքսային ծառայության տվյալները:
Դրանց համաձայն` ապրիլին Չինաստանն օրական ներկրել է 7.4 միլիոն բարել (համարժեք է նավթի օրական համաշխարհային սպառման 1/13-ին), մինչդեռ ամերիկյան ցուցանիշը կազմել է օրական 7.2 միլիոն բարել նավթ:
Կանխատեսումների համաձայն` Չինաստանն այս տարվա երկրորդ կեսին նավթի ներկրման ծավալով նույնպես գերազանցելու է ԱՄՆ-ին: Եվ այնուամենայնիվ, ապրիլյան տվյալները վկայում են, որ ԱՄՆ-ում իրականացված թերթաքարային հեղափոխությունը նվազեցնում է նավթի ներկրումից երկրի կախվածութունը:
Միևնույն ժամանակ Չինաստանում նավթի պահանջարկը նվազում է տնտեսական աճի տեմպերի դանդաղելու պատճառով: