Ինչու Ժիրայր Սէֆիլյանը չի նշում Մայիսի 9-ը

«Այո, Սեյրան Օհանյանը ճիշտ է ասել, ես եղել եմ 77-րդ առանձին գումարտակի հրամանատարը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժիրայր Սէֆիլյանը՝ հաստատելով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե Սէֆիլյանը չի եղել առանձնակի գումարտակի հրամանատար, այլ եղել է 77-րդ առանձին գումարտակի հրամանատար:

Նա պատմեց, որ այդ օրերին Արցախում եղած 10 զորամասերից մեկն իրենցն էր. «Ամբողջ պատերազմի ընթացքում մենք եղել ենք միակ այն զորամասը, որը համալրված է եղել հիմնականում ոչ արցախաբնակ հայերով, միակն էր, որ ամբողջ պատերազմի ժամանակ մնացել է Արցախում: Ավելին, միակ զորամասն է եղել, որ ամբողջ երկու տարվա պատերազմի ընթացքում (նկատի ունեմ Շուշիի գործողություններից հետո՝ մինչև զինադադար) ռազմաճակատից բացակայել է ընդամենը 2 շաբաթ: Այդ բոլորից հետո չհիշել, որ այդպիսի զորամաս է եղել, անհեթեթություն է»:

Ըստ Ժ. Սէֆիլյանի՝ այսօր բոլոր ոլորտները, այդ թվում՝ նաև բանակը, ճգնաժամի մեջ են: Նա նշեց, որ այսօր Հաղթանակի զբոսայգի կամ Եռաբլուր չի գնալու. «Մենք տոնական տրամադրությունների մեջ չենք, և առաջին տարին չէ, որ այդպես է, համարյա միշտ էլ այսպես է եղել: Մինչև այն ժամանակը, որ մեր ժողովրդի մեծամասնությունը սոցիալապես խայտառակ վիճակի մեջ է, ի՞նչ տոնի մասին է խոսքը, դա կհիշեցնի՝ «ժանտախտի օրոք քեֆ ենք անում, խրախճանք է» հասկացողությունը»:

Լրագրողներից մեկի հարցին՝ բայց նաև Ձեր սխրանքի արդյունքում ազատագրվեց Շուշին, և 23 տարի առաջ նոր փուլ սկսվեց, ու դա մեզ համար կարևոր պատմական էջերից մեկն է, ինչքանո՞վ է ճիշտ այն չնշելը կամ անտեսելը, Ժ. Սէֆիլյանն այսպես պատասխանեց.

«Այդ փուլը մենք սկսել ենք, բայց գործի կեսին ենք հասել: Այսինքն՝ մենք վերելքի քայլը կատարել ենք՝ ազատագրելով Շուշին, սակայն դրա հաջորդող ժամանակահատվածում մեզ չի հաջողվել մեր երկիրը հզորացնել, զարգացնել, բարգավաճել: Կիսատ է մնացած գործը, այսօր մենք չենք կարող միայն Շուշիի ազատագրումով ուրախանալ, որովհետև Շուշիի ազատագրումը պետք է ունենար իր շարունակությունը»:

Նրա խոսքով՝ երբ խոսում են Շուշիի ազատագրումից, շատերը հարցնում են՝ ո՞րն է պատճառը, որ հայկական կողմին հաջողվեց այդպես անհնարին հաջողություն ձեռք բերել: Ըստ Ժ. Սէֆիլյանի՝ գլխավոր պատճառն այն է, որ Շուշիի գրավման նախօրյակին հայկական շրջանակներում չկար որևէ մարդ, որևէ քաղաքական ուժ, որը համաձայն չլիներ Շուշիի ազատագրմանը. «Շատ քիչ է պատահել պատմության մեջ, որ հայությունը միավորվի մի գաղափարի, մի նպատակի շուրջ: Այժմ ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ հայությունը տանի պայքար և սևեռվի այն մտքի վրա, որ Հայաստանում պետք է ստեղծվի հայկական պետություն»:

Մանրամասները՝ 168.amի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս