«Երբ բարձունքը վերցրեցինք, մի մեծ արծիվ սկսեց սավառնել Շուշիի վրա». Սասուն Միքայելյանը՝ Շուշիի գրավման մասին
«Շուշիի ազատագրումը կարծես բեկում մտցրեց ռազմի դաշտում, դրանից հետո մեր հակառակորդներն ընկան պանիկայի մեջ…»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը՝ խոսելով Շուշիի ազատագրման օպերացիայի մասին: Նրա խոսքով՝ Շուշիի ազատագրումը մեծ նշանակություն ուներ՝ հաշվի առնելով, թե ինչ դիրքում է այն գտնվում. «Շուշիի ազատագրումը, որին մասնակից եմ եղել նաև ես, իմ ամենաերջանիկ օրերից մեկն է եղել, ես մինչև արցունքներս հուզվել եմ,- ասաց նա՝ ավելացնելով,- Անդրանիկ զորավարն էլ է պաշարել Շուշին, բայց չի կարողացել կամ թույլ չեն տվել, որ ազատագրի, և ինչ-որ տեղ դա նաև մեր պարտքն էր զորավարի առջև, դա մեծ օպերացիա էր պատերազմի մեջ»:
Միքայելյանը պատմեց, որ 1992 թվականի մայիսի 8-ին արդեն Շուշին ազատագրված է եղել: Շուշիի ազատագրումը տևել է 6 ժամ:
«Չէինք կարողանում վերցնել, ահռելի դիմադրություն կար թշնամու կողմից: Հետո ժամը 1-ի կողմերը բարձունքը վերցրեցինք»,- հիշեց ազատամարտիկը: Ս. Միքայելյանը պատմեց նաև, որ ինքը վիրավորվել է Շուշիի գրավման ժամանակ. «Երբ ուշքի եկա, տեսա՝ ուսերիցս քաշում են, որ տանեն, գիտեի, թե աջ ոտքս կտրվել է, ասեցի՝ ավտոմատս ու ոտքս կվերցնեք, չթողնեք այստեղ, հետո, որ մի 10 մետր քաշեցին, նկատեցի, որ ոտքերս էլ են հետս»:
Նա պատմեց, որ «երբ Շուշիի բարձունքը վերցրեցին, մի մեծ արծիվ սկսեց սավառնել Շուշիի վրա». «Ասացի՝ տղերք, հայոց արծիվը Շուշին գրավեց արդեն: Մինչև այսօր էլ ես հպարտանում եմ, որ ես մասնակից եմ եղել Շուշիի ազատագրման օպերացիային»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: