«Մենք պետք է այնպիսի ուժ ձևավորենք, որ հենց իշխանության մռթին հագցնենք, չկարողանան ուրիշ բան անեն». Սասուն Միքայելյան
«Մենք չենք գնում հերթական ընտրությունների, հետո էլ այդ պահանջողները որտե՞ղ հասան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը՝ «Քաղաքացիական պայմանագրին», քննադատում են, որ չի գնում արտահերթ ընտրությունների ճանապարհով, ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով՝ այսքան տարիների ընթացքում մեր ընդդիմադիր կոչվող ուժերը, փնովելով իշխանություններին, դիվիդենտներ են շահել, ժողովրդին հանել են ոտքի, հետո հետ են քաշվել.
«Մենք չենք ուզում մի նոր այդպիսի անակնկալ մատուցել ժողովրդին, մենք միշտ պատրաստ ենք արտահերթ ընտրության, բայց մենք չունենք այդ արտահերթ ընտրության ուժը: Մենք մեր գործն ենք անում, ուզում ենք դառնալ կուսակցություն, հետագայում կերևա, թե ինչ քանակի մարդ կարող է վստահել մեզ»: Նա նկատեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը ոչ թե դեմ է արտահերթ ընտրություններին, այլ ուղղակի այսօր դա հնարավոր չէ.
«Այսօր դուք բոլորդ էլ գիտակցում եք, որ հնարավոր չէ՝ այսօր մի ուժ տանի ժողովրդին արտահերթ ընտրության: Մենք եռյակին էլ էինք ասել, որ՝ թող իրենք առաջարկեն՝ ինչ քայլերով են գնալու արտահերթ ընտրության, մենք կորոշենք՝ մասնակից կլինե՞նք, թե՞ ոչ»:
Նա հայտարարեց, որ իրենք չեն ուզում դառնալ կուսակցություն՝ կուսակցությունների թիվը մեկով ավելացնելու համար: «Եթե մենք մի օր ասենք, որ պետք է լինի իշխանափոխություն, և դուրս գանք փողոց, ուրեմն՝ պետք է իշխանափոխություն լինի: Մենք պետք է այնպիսի ուժ ձևավորենք, որ հենց իշխանության մռթին հագցնենք, չկարողանան ուրիշ բան անեն: Մենք այս երկրում ենք ապրել, այս պետության համար մեծ ներդրում ունեցող մարդիկ ենք, և այս ժողովուրդը հաղթանակ չէր տարել, որ որոշ մարդիկ գան նստեն ու վայելեն: Մենք իրենց ծառան չենք, իրենց ստրուկները չենք, դրա համար մենք չենք շտապում, ժամանակը ցույց կտա»: Հարցին՝ ի՞նչ ճանապարհով եք հասնելու իշխանափոխության, Ս. Միքայելյանը պատասխանեց՝ քաղաքակիրթ ճանապարհով: Հարցին էլ՝ ի՞նչ հստակ գործողություններ եք անելու, Ս. Միքայելյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ անենք, զենք վերցնենք՝ կռվե՞նք իշխանության դեմ: Ի՞նչ եք առաջարկում: Դուք՝ լրագրողներդ էլ, մեծ դերակատարում ունեք իշխանափոխության մեջ, մեղքի բաժին դուք էլ ունեք: Դու ինձ հիմա ստիպում ես ասեմ՝ Սերժ Սարգսյան, հեռացիր, մի քանի հոգի էլ հետս հավաքեն-տանե՞ն: Ի՞նչ եք ուզում: Դուք ստիպում եք, որ մենք ասենք՝ պետք է գնանք, փրթենք, ջարդենք, կոտորենք, սրանք թաթար-մոնղոլ են, տաջիկ, ուզբեկ են, պետք է փախչեն այս երկրից: Բա այդ ասողներն ո՞ւր են: Արդյունքում՝ ժողովուրդը փախավ երկրից, իրենք էլ լավ էլ նստած են, հլը «մուտիտ» են անում՝ մարդամեկի ասած»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: