Առևտրային արբիտրաժի ինստիտուտը կատարելագործվում է
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում և ևս յոթ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Խնդիր է դրված վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից կատարելագործել առևտրային արբիտրաժի ինստիտուտը: Միջազգային փորձը վկայում է, որ ոչ միայն առևտրային, այլև մյուս իրավահարաբերությունների հետ կապված վեճերն աստիճանաբար ուղղվում են վեճերի լուծման արտադատական մարմիններ, ինչպիսիք են արբիտրաժը, հաշտարարը և ֆինանսական համակարգի հաշտարարը:
Նիստի հավանությանն է արժանացել «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատավորի վարքագծի կանոնների սահմանումը վերապահել դատավորների ընդհանուր ժողովի իրավասությանը:
Գործադիրը հավանություն է տվել «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և անվտանգության համակարգված գործունեությունը, կկարգավորվեն թանգարանների ստեղծման, գործունեության, գործունեության դադարեցման, ՀՀ թանգարանային ֆոնդի ձևավորման, համալրման, հաշվառման և պահպանության հետ կապված հարաբերությունները:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, աշխատաշուկայում անմրցունակ անձանց իրավունքների շրջանակն առավել հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Նիստի հավանությունն է ստացել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է պարզեցնել Հայաստանում հանրահայտ ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի և ժամացույցների ներմուծման ընթացակարգերը: