Որքանով կարող էին Քոչարյանները ձեռք բերել Congress հյուրանոցը
Շաբաթներ առաջ մամուլում լուրեր հրապարակվեցին այն մասին, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ցանկանում է գնել (կամ արդեն գնել է) Congress հյուրանոցը։ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այս կապակցությամբ մարտի վերջին ասել էր, որ «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը» բանակցություններ է վարում «Կոնգրես» հյուրանոցը գնելու ուղղությամբ, ապա ավելացրել է, թե «երկրորդ նախագահի գրասենյակը պարտավոր չէ տեղեկություններ տրամադրել նրա ընտանիքի անդամների մասին»։
Հետո այս խոսակցությունները մոռացվեցին՝ մնալով Քարդաշյանների այցելության, Հռոմի պատարագի և Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ստվերում։
Congress-ի թեման վերհիշելու առիթ հանդիսացավ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից երեկ հրապարակված խոշոր հարկատուների ցանկը։ Բանն այն է, որ Congress հյուրանոցի սեփականատեր իտալական «Ռենկո Արմստեյտ» ընկերությունը շեշտակի ավելացրել է հարկերը` ավելի քան 3 անգամ։ Այս ընկերությունը 2015թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 1 միլիարդ 957 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 608.5 միլիոն դրամի դիմաց և խոշոր հարկատուների ցանկում 45-րդ հորիզոնականից բարձրացել է 10-րդ հորիզոնականը։ Ընդ որում, անուղղակի հարկերը աճել են 1 միլիարդ 129.76 միլիոն դրամով կամ ավելի քան 5 անգամ՝ կազմելով 1 միլիարդ 404.56 միլիոն դրամ։
Ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով չզբաղվող ընկերության դեպքում ԱԱՀ-ի նման թռիչքը կարող է վկայել միայն մեկ բանի մասին. ընկերությունը ինչ-որ բան է վաճառել, որի գնի մեջ էլ մտած է եղել այս հարկի գումարը։ Հաշվի առնելով հարկային տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ «Ռենկոն» արդեն վաճառել է Congress հյուրանոցը։ Ընդ որում, հաշվի առնելով Վ. Սողոմոնյանի խոսքերը՝ կարելի է եզրակացնել, որ հյուրանոցը վաճառվել է հենց Ռոբերտ Քոչարյանի որդուն։
Եվ վերջապես, հաշվի առնելով «Ռենկո»-ի վճարած հարկերի աճը, կարելի է անգամ մոտավոր հաշվել, թե ինչ գնով է վաճառվել հյուրանոցը։ Քանի որ «Ռենկո»-ի վճարած ԱԱՀ-ն աճել էր 1.1 միլիարդ դրամով, ապա ըստ տրամաբանության, հյուրանոցի վաճառքի գինը (ըստ փաստաթղթի, ներառյալ ԱԱՀ-ն) կազմել է շուրջ 6.6 միլիարդ դրամ կամ շուրջ 13.7 միլիոն ԱՄՆ դոլար։
Սակայն շեշտենք, որ սրանք ընդամենը ենթադրություններ են՝ հիմնված հարկային տվյալների վրա։ Հնարավոր է՝ հյուրանոցը չի վաճառվել, կամ՝ Քոչարյանին չի վաճառվել։ Դրա համար պարզապես ենթադրում ենք, թե որքան կարող էր այն արժենալ, եթե նախկին նախագահի որդին այն ձեռք բերեր։ Իսկ եթե կա հարկերի նման թռիչքի այլ բացատրություն, սիրով կհրապարակենք՝ ընկերության կողմից տրամադրվելու դեպքում։
Առավել մանրամասն կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում