Հալեպում վերջին հրթիռակոծությունները քրիստոնեաշատ շրջաններում են
«Հալեպում այսօր համեմատաբար խաղաղ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի Բերիո թեմի մամլո քարտուղար Ժիրայր Ռեիսյանը` ներկայացնելով իրավիճակը Հալեպի հայաշատ թաղամասերում: Ի դեպ, նախօրեին սիրիացի ընդդիմադիր զինյալների կողմից ավերվել էր Քառասուն մանկանց մայր եկեղեցին, որը գտնվում է Հալեպի Ջիդեյդե թաղամասում և վերջին օրերին եղել է զինյալների թիրախում:
«Այսօր շատ ավելի հանդարտ է իրավիճակը: Երեկ, ճիշտ է, որ կեսօրին և երեկոյան կողմ հրթիռակոծումներ տեղի ունեցան քաղաքի մի շարք կենտրոնական հատվածներում, կենտրոնական հանրային պարտեզում, Ջիդեյդե թաղամասում, որի պատճառով նյութական մեծ վնասներ պատճառվեցին, կային մարդկային զոհեր, վիրավորներ` ևս: Այդ բոլորի շարքում, բարեբախտաբար, հայեր չկային»,- ասաց Ռեիսյանը` հավելելով, որ վնասների չափի մասին առայժմ խոսելը բարդ է, քանի որ ուսումնասիրությունները ևս անհնար են: Վերջինս ասաց, որ Հալեպում որևիցե տեղի մասին չի կարող խոսել՝ որպես անվտանգ մի վայրի, քանի որ ցանկացած պահի կարող է հրթիռակոծությունը նորից սկսվել, և դրա հետևանքներն ավերիչ են:
«Երեկվա հրթիռակոծումները քրիստոնեաշատ շրջաններում էին, դրանից մի քանի օր առաջ պատահածները` ևս: Բայց քաղաքի պատմական, մշակութային բոլոր կոթողները, քաղաքի հատկանշական բոլոր կառույցները թիրախ են այսօր: Ջիդեյդեն քրիստոնեական համախմբման շրջան է, ուր մեծաթիվ քրիստոնեական եկեղեցիներ կան, ուստի, ինչպես քաղաքը՝ իր զանազան բաժինների մեջ, նաև այդ բաժինը ենթարկվեց հրթիռակոծման, քանի որ նաև շատ մոտ է զինյալների շրջանին: Այնպես որ, երբ կա հրթիռակոծում, կա վնաս, և որևէ համայնք դրանից չի կարող խուսափել»,- ասաց Հալեպի Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: Եզրափակելով` նա ասաց, որ չի կարող մեկնաբանել, թե վերջին օրերի լարվածության թիրախը քրիստոնեական համայնքներն են, քանի որ Հալեպում վտանգավոր է ամենուր: