«Համանախագահների հայտարարության մեջ ուղերձ կա Ադրբեջանին». Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա) ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում: Այս մասին իրենց տարածած հաղորդագրության մեջ շեշտել են համանախագահները: «Այդուհանդերձ, ոչ մեր երեք երկրները, ոչ էլ որևէ այլ երկիր, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և սուվերեն պետություն: Համապատասխանաբար, մենք չենք ընդունում այս «ընտրությունների» արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն, և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը միտված շարունակական խաղաղ բանակցությունների արդյունքները», -ասված է հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ բացասաբար չի գնահատում համանախագահների տարածած հաղորդագրությունը, քանի որ նրանք հաղորդագրությունում դիվանագիտական լեզու են կիրառել: Նրա գնահատմամբ` ողջունելի է, որ ևս մեկ անգամ շեշտվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերի հարցը: Սրանում Դավիթ Բաբայանը նաև համանախագահների այն ակնարկն է տեսնում, որի համաձայն` ԼՂ-ն պետք է վերադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային սեղան:

«Դա ուշ թե շուտ պետք է տեղի ունենա, որովհետև այլ կերպ անհնար է պատկերացնել ԼՂ հակամարտության կարգավորումը: Սա որևէ ձևով կապված չէ այս կամ հայտարարության հետ, սա մի ճշմարտություն է, որը կարծում եմ, որ բոլորը հասկանում են: Իսկ այն, որ համանախագահները նման հայտարարություն են անում շատ կարևոր է, որպեսզի իրենք այս ուղերձները հաղորդեն միջազգային հանրությանը և Ադրբեջանին, որն իրականությունից կտրվել է և լավ չի պատկերացնում` ինչ է կատարվում: Համանախագահները երբեք այս հարցում խնդիրներ չեն հարուցել: Համանախագահները երբեք չեն թաքցրել, որ Ղարաբաղը պետք վերադառնա բանակցային սեղանի շուրջ, միշտ ասել են այդ մասին:

Պարզապես այստեղ Ադրբեջանի քաղաքականության արդյունքում է, որ մենք դուրս ենք մնացել բանակցային սեղանից և համանախագահները միշտ էլ ընդգծում են, որ առանց Արցախի անհնարին կլինի կարգավորել այս խնդիրը»,- մեկնաբանեց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ հաղորդագրությունը թաքնված  ուղերձ է նաև Ադրբեջանին այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս