Ինչու դատարան չհրավիրվեց և չհարցաքննվեց Սուրիկ Խաչատրյանը
Ապրիլի 29-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել և հարցաքննել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը: Մեր հարցին, թե ի՞նչ հիմքով է դատարանը մերժել այդ միջնորդությունը, փաստաբանը պատասխանեց. «Որ քնած է եղել Սուրիկ Խաչատրյանը»:
«Քնելը պաշտպանական շատ արդյունավետ միջոց դուրս եկավ»,- կատակեց փաստաբանը:
Միևնույն ժամանակ, փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանը բավարարել է իր միջնորդությունները՝ դատարան հրավիրել և հարցաքննել գործով երկու քննիչներին, ինչպես նաև՝ Սուրիկ Խաչատրյանի վարորդին:
Փաստաբանն ասաց, որ իր միջնորդությամբ դատարանը հարցում կկատարի ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ պարզելու համար, թե ինչու չեն կատարվել Սուրիկ Խաչատրյանի վարորդի և երկու ազգականների հեռախոսահամարների գաղտնալսումներն ու ձայնագրումը:
Փաստաբանը նշել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, որով քննիչը խնդրել է թույլատրել լսել և ձայնագրել Սուրիկ Խաչատրյանի վարորդի և երկու հարազատների հեռախոսահամարների զանգերը, սակայն քրեական գործում այդ որոշման կատարումը չկա: Քրեական գործում, ըստ նրա, առկա է քննիչի կողմից կազմված տեղեկանքը. 2013թ. հուլիսի 30-ին քննիչը տեղեկանք է կազմել, համաձայն որի՝ ներկայացել է ԱԱԾ, որտեղ իրեն տեղեկացրել են, որ տեխնիկական պատճառներով հեռախոսային խոսակցություններ չեն լսվել և չեն ձայնագրառվել: Նրա խոսքով՝ տեղեկանքը ստորագրել է քննիչը, իսկ ԱԱԾ-ի կողմից ստորագրություն չկա:
Հայկ Ալումյանի խոսքով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հաջորդ նիստը նշանակված է մայիսի 13-ին: