
Երվանդ Զախարյանը հաստատել է, որ պատրաստվում են վաճառել «Կապույտ լիճ» կոչվող տեղամասի խողովակաշարերից մեկը

168.am-ը գրել էր, որ «Նաիրիտ» գործարանում պատրաստվում են վաճառքի դնել ոչ միայն քացախաթթվի արտադրության սարքավորումները, այլ նաև կաուչուկի արտադրության համար օգտագործվող սարքավորումները, որոնք հետագայում, երբ գործարանն, ի վերջո, վերագործարակման փուլին հասնի, խիստ անհրաժեշտ են լինելու: Սակայն աշխատավարձի պարտքը մարելու պատրվակով այդ սարքավորումները ևս պատրաստվում են վաճառել:
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հաստատել է մեր այս տեղեկությունը: Զախարյանն այսօր նախագահական նստավայրի առջև բողոքի ցույց իրականացնող նաիրիտցիների 5-հոգանոց պատվիրակությանն իր մոտ է հրավիրել ու հայտարարել, որ, բացի քացախաթթվի արտադրամասից, որոշում է կայացվել «Կապույտ լիճ» կոչվող տեղամասի խողովակաշարերից մեկը վաճառել:
Խնդիրն այն է, որ այդ տեղամասում կա 2 խողովակաշար, որոնք աշխատում են մեկը մյուսին փոխարինելով, որովհետև խափանումները բացառված չեն, իսկ վթարի դեպքում գործարանի աշխատանքները կդադարեն շաբաթներով: Եվ այս խողովակաշարերից թեկուզ մեկի վաճառքն աբսուրդ է, եթե, իհարկե, իրականում նպատակ կա գործարանն աշխատացնելու: Փաստն ինքնին խոսուն է ու պարզ վկայում է այն մասին, որ այսօրվա կառավարությունն էլ, նախորդի պես, «Նաիրիտը» վերագործարկելու մասին չի էլ մտածում: