Մեկ տարում Ուկրաինայի արևելքում ականների վրա պայթել է ավելի քան 150 երեխա. UNICEF
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ տարվա մարտից Ուկրաինայի արևելքում ականների վրա պայթելու հետևանքով զոհվել է 42 երեխա, 109 երեխա էլ վիրավորվել է: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF):
Վերջինս մանրամասնել է, որ այդ տվյալները ստացել է ուկրաինական կառավարական աղբյուրներից: Չի բացառվում, որ ականների ու պայթուցիկ այլ սարքերի պայթելու հետևանքով զոհված ու վիրավոր երեխաների թիվն ավելի մեծ լինի Ուկրաինայում: Դա մասնավորապես վերաբերում է այն շրջաններին, որոնք չեն գտնվում կառավարության վերահսկողության ներքո:
UNICEF-ն ընդգծել է, որ երեխաները ենթարկվում են հատուկ ռիսկի, քանի որ չպայթած զինամթերքն ու վառ ներկված ականները կարող են գրավել երեխաների ուշադրությունը, որոնք սխալմամբ դրանք կընդունեն իբրև խաղալիք, ինչն էլ կարող է հանգեցնել աղետի: