Ռուսների իրավունքն է՝ զենք վաճառել՝ ում կցանկանան. ՀՀԿ-ական պատգամավոր

«Հանրապետության նախագահի կողմից մտահոգություն հայտնելն արդեն որոշակի քայլ է, որոշակի մեսիջ է մեր ռուս գործընկերներին»,- այսօրվա ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կարող է Հայաստանն ունենալ ՀԱՊԿ-ից՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը մեծաքանակ սպառազինություն է  վաճառում Ադրբեջանին՝  նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: Նա  միաժամանակ նշեց, որ դա ռուսների իրավունքն է՝ զենք վաճառել՝ ում կցանկանան. «Բայց համարելով մեր ստրատեգիական գործընկերը,  դաշնակիցը՝ իրավունք ունենք մտահոգություն հայտնել, մանավանդ, որ հենց այդ զենքից են սպանվում մեր զինվորները, բայց նաև պետք է չմոռանանք, որ դա իրենց իրավունքն է»: Խոսելով ՀԱՊԿ-ից ունեցած Հայաստանի ակնկալիքների մասին՝ Լ. Մարտիրոսյանը նկատեց, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի ամենակարևոր մասն է, և ինքը կարծում է, որ մեր մտահոգությունը Ռուսաստանին հայտնելը հենց ՀԱՊԿ-ին է ուղղված:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը տրամագծորեն հակառակ կարծիք ունի այս իրադրության վերաբերյալ: «Որովհետև մտահոգությունը հնչեցվում էր շատ առաջ, քան պաշտոնական մտահոգությունն այդ հարցի հետ կապված: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա Մինսկի խմբի անդամները որոշակի համաձայնագիր են ստորագրել առ այն, որ չեն հրահրելու և չեն նպաստելու կոնֆլիկտի հրահրմանը ղարաբաղյան զոնայում, դրա մեջ մտնում է նաև զենքի վաճառքը, որն արդեն հասել է 5 միլիարդի»,- ասաց նա: Ըստ Ա. Սեդրակյանի՝ Ռուսաստանն իրավունք ունի զենք վաճառել բոլորին,  բայց «իր ստրատեգիական գործընկերները պետք է համապատասխան ռեակցիաներ դրսևորեն  Ռուսաստանի նման քայլերի հանդեպ»: Ա. Սեդրակյանը կարծում է՝ Ռուսաստանն իր անվտանգության բոլոր խոստումները խախտում է, խախտում է նաև Մինսկի խմբի համաձայնագրի կետերը. «էլ չեմ ասում, որ հիմա Ռուսաստանի ներկայիս տնտեսական և քաղաքական իրավիճակը ճգնաժամային է, և մոտակա 10 տարում մենք ի զորու չենք, թեկուզ այս խախտված պայմանագրերի դեպքում, ակնկալել որոշակի հնարավոր օգնություն որևէ բնագավառում»:  Լ. Մարտիրոսյանն էլ նշեց, որ Հայաստանում որևէ մեկին չի կարող ուրախացնել, որ Ռուսաստանը զենք է վաճառում մեր հակառակորդին, բայց միևնույն ժամանակ՝ մենք որևէ իրավունք չունենք դրա դեմն առնելու. «Դրա համար այս առումով պետք է սահմանափակվենք գոնե հրապարակային մտահոգություննեը արտահայտելով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս