Բաժիններ՝

Եվրոպան Ուկրաինայի ՆԳՆ-ին մեղադրում է Մայդանի դեպքերի հետաքննմանը խոչընդոտելու մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի՝ Ուկրաինայի հարցերով խորհրդատվական խումբն Ուկրաինայի ՆԳՆ-ին մեղադրել է Մայդանի իրադարձությունների հետաքննմանը խոչընդոտելու մեջ:

Եվրոպացի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Կիևի կողմից իրականացվող հետաքննությունը չի բավարարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները: Մյուս կողմից էլ նրանք ընդունել են, որ որոշակի բարդություններ կան իշխանությունների կողմից նախորդ տարվա փետրվարի դեպքերը հետաքննելու հարցում:

Միջազգային խորհրդատվական խմբի նախագահ Նիկոլաս Բրատցը, ներկայացնելով 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Մայդանի դեպքերի մասին զեկույցը, հայտարարել է, որ կան լուրջ հիմքեր՝ պնդելու համար, որ ՆԳՆ-ի կողմից խոչընդոտներ են ստեղծվել՝ արդյունավետ հետաքննություն անցկացնելու համար:

2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Մայդանի դեպքերի ժամանակ Կիևում ու Ուկրաինայի շրջաններում զոհվել է 106 մարդ, ավելի քան 1200 տուժածներ դիմել են բուժօգնության, որոնցից 795-ին հոսպիտալացրել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս