Աննախադեպ նոր կրթական ծրագիր` ապագայի տեսլականով
Այսօր փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների միջև: Փոխըմբռնման հուշագիրն ազդարարում է պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության մասին՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս նախագծով մեկնարկում է հերթական նորարարական կրթական գաղափարը:
«Մեր այս սոցիալական գործընկերների հետ իրականացված բոլոր նախագծերի ուղենիշն ապագայի տեսլականն է: Եվ այսօր էլ միևնույն գաղափարի շուրջ համախմբումն ապացուցում է, որ անկախ առկա խնդիրներից` մի կողմից ունենք դպրոցներում կրթական բովանդակությունն արդիականացնելու մեծ ներուժ, մյուս կողմից` ներգրավելու մեր սոցգործընկերներին և դարձնել նրանց ոչ միայն ծրագրի ֆինանսավորող, որը, իհարկե, պակաս կարևոր չէ: Սակայն, այս նախագիծը տարբերվում է. այն բովանդակային է, որտեղ մեր գործընկերների հետ միասին մշակել ենք կրթական նոր բովանդակություն, ծրագիր, որի հավակնություններն աննախադեպ են: Այսօր համաշխարհային կրթական տիրույթում վերջին զարգացումները տանում են նրան, որ տեխնոլոգիական կրթությունը ոչ միայն տեղեկատվական միջոցներից օգտվելու, այլ մտածելակերպ ձևավորելու խնդիր է դնում: Եվ այս տեսակետից շատ հավակնոտ է դառնում եռամյա այս կրթական ծրագիրը. այն իր մեջ ներառում է ուսուսմնական նոր բովանդակություն և արդեն մշակված ծրագիր»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ մինչև սեպտեմբերի մեկը կվերապատրաստվեն համապատասխան ուսուցիչները, կիրականացվեն բոլոր նախապատրաստական աշխատանքները:
«Մենք պարտավորվել ենք անել հնարավորը, որպեսզի առարկան դառնա դասավանդվող առարկա: Փաստացի, սա մեկ առարկա չէ, այլ առարկայաղթա` իր համապատասխան երեք մոդուլային բովանդակությամբ: Մենք մեծ հույս ունենք, որ այս ծրագրի շնորհիվ ոչ միայն դպրոցներում նոր մակարդակի կբարձրացնենք տեխնոլոգիական կրթությունը, այլ մեր գործընկերների համար կպատրաստենք մոտիվացված, լավ որակ ունեցող երիտասարդ մասնագետներ: Մենք մեր տաղանդավոր և լավ սովորող երեխաներին աշխատաշուկային կապելու, ապագայում բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն ենք ստեղծում: Այո, ծրագիրն արդարացված հավակնոտությամբ նախագիծ է. չի եղել մեր այս գործընկերների հետտ արված գեթ մեկ ծրագիր, որ ոչ միայն չստացվի, այլ չդառնա առաջադեմ նախագիծ, որը հնարավոր լինի հետագայում ներկայացնելմիջազգային հանրությանը, ինչպես արվում է, օրինակ, «Շախմատը դպրոցում» ծրագրի պարագայում: Հավակնությունը նույնն է` զարգացնել մեր երեխաների մտավոր ներուժը և կրթական բնագավառում ստեղծել սեփական, հայկական բովանդակությամբ արտադրանք»,-նշել է նախարարը:
Նշենք, որ փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև՝ մշակելու և հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
Նոր ուսումնական պիլոտային ծրագիրը ՏՀՏ կրթության ոլորտում կներդրվի 2015-2016 ուսումնական տարվանից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաև աջակցելու է ունենալու տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստմանը: Բացի այդ, ընկերությունը պատրաստակամ է ֆինանսավորելու «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»առարկաների լաբորատորիաների ստեղծումը: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կներդնի շուրջ 70 միլիոն դրամ: «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը: «Յունիքոմփ» ընկերությունը կգործակցի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի առարկայական չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև կանցկացնի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Ընկերությունը նաև կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների սպառազինումը և կստեղծի առանձին համակարգչային ցանցեր:
Փոխըմռնման հուշագրով նախատեսված է կրթական ծրագրի իրականացում թվով 5 ուսումնական հաստատություններում՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում: Ծրագրով նաև նախատեսված է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծում: