
Իսլամ Կարիմովը նախագահական ընտրություններում հավաքել է քվեների ավելի քան 90 տոկոսը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի գործող նախագահ Իսլամ Կարիմովը հաղթանակ է տարել երկրում անցկացված նախագահական ընտրություններում՝ հավաքելով քվեների 90.39 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուզբեկստանի ԿԸՀ-ի ղեկավար Միրզա Ուլուգբեկ Աբդուսալոմովը:
Նրա խոսքերով՝ Կարիմովի օգտին քվեարկել է 17.2 միլիոն մարդ կամ էլ քվեարկությանը մասնակցածների 90.39 տոկոսը: Նա հավելել է, որ «Ուզբեկստանի Հանրապետության նախագահական ընտրությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածին համապատասխան՝ Կարիմովին պետք է համարել երկրի ընտրված ղեկավար:
Նախագահի մյուս թեկնածուներից Խատամժոն Կետմոնովը հավաքել է քվեների 2.92 տոկոսը (552.000 մարդ), Աքմալ Սաիդովը՝ 3.08 տոկոսը (586.000 մարդ), իսկ Նարիմոն Ումարովը՝ 2.06 տոկոսը (389.000 մարդ): Ընդհանուր առմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 18.942.000 մարդ, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 91.8 տոկոսը: