«Երբ ձերբակալեցին Հակոբ Հակոբյանին, ասացի՝ հետևեք՝ ինչ է լինելու Գագիկ Ծառուկյանի հետ». Արամ Կարապետյան

«Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս եկավ, իմ տեսակետից՝ ճիշտ արեց: Աշխարհը գնում է դեօլիգարխիացիայի՝ օլիգարխներին դուրս են բերում բոլոր տեղերից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ա.Կարապետյանը վստահ է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն տեղի չի ունենա:

Հարցին՝ ՀՀԿ-ական գործարարների նկատմամբ հարկային ստուգումների իրականացումը կոսմետիկ բնույթ ունի, Ա. Կարապետյանն այսպես պատասխանեց. «Մի փոքրիկ գաղտնիք ասեմ ձեզ: Երբ ձերբակալեցին Հակոբ Հակոբյանին, իմ լրագրող ընկերներից մեկին միանգամից գրեցի՝ հետևեք՝ ինչ է լինելու Գագիկ Ծառուկյանի հետ: Այսինքն՝ դա շատ հեշտ է կանխատեսելը, այստեղ ո՛չ ինֆորմացիա է պետք ունենալ, ո՛չ մեծ անալիզ»: Ըստ Ա. Կարապետյանի՝ Հակոբ Հակոբյանի ձերբակալությունը, Աշոտ Աղաբաբյանի և մյուսների ընկերություններում վերջին հարկային ստուգումները, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարկային ստուգումների մասին հայտարարությունը պետք է մի գծի մեջ դիտարկել. «Իմ տեսակետից՝ Հակոբ Հակոբյանը քաղաքական որոշում էր, որպեսզի հենց Ծառուկյանից չսկսվեր ամեն ինչ: Հիմա շատ հետաքրքիր պահ է գնալու, և այդ տեսակետն ինձ մոտ հստակ է՝ պետական բյուրոկրատիան, որն էլի օլիգարխիա է, հիմա կռվելու է այն օլիգարխիայի հետը, որն օլիգարխիա է՝ առանց պետական բյուրոկրատիայի»:

Ա. Կարապետյանի խոսքով՝ մի կողմից՝ արդեն կամաց-կամաց «մամլիչը» սկսում է ցույց տալ, որ օլիգարխները գրեթե ամբողջությամբ պետք է դուրս բերվեն քաղաքական դաշտից, և դրա հետ միասին՝ բյուջեն կամ սեփական ինչ-որ խնդիրներ լուծելու խնդիրներ կան: «Ծառուկյանի դեպքում՝ հարկային ստուգումները սկսվեցին, բայց արդյունքները չտեսանք, որովհետև այնտեղ հարկային ստուգումների մասին հայտարարության նպատակը չէր՝ հարկային ստուգումներ անել, այնտեղ զուտ քաղաքական խնդիր էր»,- ասաց Ա. Կարապետյանը:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս