G20-ի գագաթաժողովի կազմակերպիչները պատահաբար մատչելի են դարձրել Օբամայի ու Պուտինի անձնական տվյալները
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Ավստրալիայում անցկացված G20-ի գագաթաժողովի կազմակերպիչները պատահաբար բացահայտել են գագաթաժողովի մասնակիցների անձնական տվյալները:
Խոսքը գնում է նաև անհատական տեղեկատվության մասին, որն առնչվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին:
Համաշխարհային առաջնորդների անձնական տվյալները պատահաբար բացահայտել է ներգաղթի ու սահմանների պահպանման հարցերով ավստրալական դեպարտամենտը: Գործակալության աշխատակիցն անզգուշաբար Ասիայի ֆուտբոլի գավաթի կազմակերպիչներին է ուղարկել նախորդ տարվա նոյեմբերին Բրիզբենում անցկացված G20-ի գագաթաժողովին մասնակցող համաշխարհային բոլոր առաջնորդների անձնագրերի համարները, վիզայի մասին մանրամասները և անհատական բնույթի այլ տեղեկատվություն:
Միջադեպը գրանցվել է 2014 թվականի նոյեմբերի 7-ին: Այժմ քիչ հավանական է համարվում այն, որ այդ տվյալներն ընկած լինեն այլոց ձեռքը, քանի որ ստացողը սխալմամբ ջնջել է այդ էլեկտրոնային նամակը և մաքրել է հեռացված ֆայլերի թղթապանակը: