Բեռնար Շալանդ. Ալբանիան 12 խաղացողներով պայքարում էր 10-ի դեմ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը Եվրո-2016-ի ընտրական փուլում Ալբանիայից կրած 1:2 հաշվով պարտությունից հետո մամուլի ասուլիս տվեց:
Այս մասին հայտնում է armsport.am կայքը։
– Հայաստանը շատ լավ սկսեց, բայց հետո ամեն ինչ փոխվեց. ո՞րն էր պատճառը, ի՞նչ կատարեց Հայաստանի հետ:
– Այո, մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք, բայց հետո Ալբանիան մեծ ճնշում գործադրեց: Երբ խաղում ես տասը հոգով, շատ դժվար է: Դրանից հետո ճնշումն ավելի մեծացավ: Կարմիր քարտը կասկածելի էր: Առաջին դեղին քարտն ընդհանրապես չկար, իսկ երկրորդը կասկածելի էր:
0:1-ից հետո ես խաղացողներին ասացի, որ չպետք է կանգնեք եւ պետք է ավելացնենք: Բայց մենք վախեցանք, սկսեցինք միայն երկար փոխանցումներ կատարել. դա անթույլատրելի է: Մենք կարող ենք ֆուտբոլ խաղալ, սա մեզ սազական խաղ չէր: Նույնիսկ այս խաղով մենք կարող էինք չպարտվել՝ խաղն ավարտելով 2:2:
– Ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի հետ:
– Առաջին խաղակեսում խնդիրներ չկային: Ալբանիան երկրորդ խաղակեսում ավելի հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեց, ավելի լավ խաղաց: Մենք խաղում էինք շատ լարված մթնոլորտում, մրցակցի հարկի տակ: Ալբանիան 12 խաղացողներով խաղում էր 10-ի դեմ, եթե հաշվի առնենք ֆուտբոլասերների բուռն աջակցությունը: Արդեն որորորդ դեպքն է, երբ մենք հաղթական հաշիվը չենք կարողանում պահել: Իհարկե, ես երջանիկ չեմ այս ամենից:
– Կարմիր քարտից հետո Դուք երկար ժամանակ փոփոխություն չկատարեցիք: Չկա՞ր արդյոք ֆուտբոլիստ, ով կարող էր նման իրավիճակում օգուտ տալ հավաքականին:
– Փոփոխություններն ուշացված չէին: Կարմիրից հետո Կամոն նահանջեց, եղան տեղափոխություններ եւ դա վատ տարբերակ չէր: Մենք խաղում էինք 4 պաշտպանով եւ 4 կիսապաշտպանով, ինչը վատ դասավորվածություն չէր:
Այս հարցից հետո ասուլիսն ավարտվեց, քանի որ Հայաստանի հավաքականը շտապում էր օդանավակայան: