ՌԴ-ը կարող է ընտրություն կատարել Արևմուտքի հետ համագործակցելու ու հակամարտելու միջև. Սթոլթենբերգ
Նորվեգական Dagens Naeringsliv թերթին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ընտրություն կատարել Արևմուտքի երկրների հետ արդյունավետ համագործակցության ու հետագա հակամարտության միջև:
Սթոլթենբերգի խոսքերով` ներկայումս Ռուսաստանի վարած քաղաքականությունը չի ծառայում երկրի բարօրությանը, մինչդեռ համագործակցությունն օգտակար կլիներ նրա համար.
«Ռուսաստանը կարող է ընտրություն կատարել (Արևմուտքի հետ) համագործակցության ու հակամարտության շարունակման, և հետևաբար հետագա մեկուսացման միջև: Կարծում եմ, որ «Սառը պատերազմի» ավարտին հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ համագործակցությունից շահել են բոլորը:
Դրա համար էլ պետք է շարունակել այն: Սահմանների բաց լինելը, առևտուրն ու վստահությունը հնարավոր են դարձրել ռազմական ծախսերի կրճատումն ու համագործակցությունը, որն օգտակար է եղել բոլորի համար:
Եթե Ռուսաստանը շարունակեր հավատարիմ լինել համագործակցության գծին, ապա սպառնալիքներ չէր տեսնի նրանում, որ այս կամ այն երկիրը ժողովրդավարական որոշում ընդունի ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու մասին»: