Ուկրաինայում առաջարկել են ռուսական ագրեսիայի հրապարակավ հերքման համար ազատազրկել մինչև 10 տարով
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայում առաջարկել են քրեական պատասխանատվություն սահմանել այն պետության կողմից ձեռնարկած ագրեսիայի փաստի հրապարակավ հերքման համար, որն այդպիսին է ճանաչվել Գերագույն ռադայի որոշմամբ:
Համապատասխան օրինագիծը խորհրդարանի դիտարկմանն են ներկայացրել Արմատական կուսակցության պատգամավորները` նրա առաջնորդ Օլեգ Լյաշկոն ու խմբակցության գծով նրա գործընկեր Յուրի Չիժմարը: Օրենքի նախագծի համաձայն` Ուկրաինայի Քրեական օրենսգիրքը համալրվում է 110-3 հոդվածով:
Առաջարկվում է «ռազմական ագրեսիայի փաստի հրապարակավ հերքման» համար պատժել 3-5 տարի ժամկետով: Եթե հանցանքը կատարել է պաշտոնատար անձը կամ էլ իշխանության ներկայացուցիչը, կամ էլ եթե դա կրկնվել է, ապա ազատազրկման ժամկետը կազմելու է 5-10 տարի: Հոդվածը նաև նախատեսում է ունեցվածքի բռնագանձում:
Չիժմարի կարծիքով` Ռուսաստանի աջակցությունը վայելող «հինգերորդ շարասյունը» սկսել է «գլուխ բարձրացնել» երկրում: Նա ընդգծել է, որ հասարակության վզին փաթաթում են այն, որ Ռուսաստանը ոչ թե ագրեսոր է, այլ` խաղաղապահ ու գործընկեր:
Նշվում է, որ Խարկովի քաղաքապետ Գենադի Կեռնեսը փետրվարի կեսերին հայտարարել էր, որ չի կարծում, թե Ռուսաստանն ագրեսիա է ձեռնակել Ուկրաինայի դեմ, քանի որ Ուկրաինային տրամադրել է վարկ, ինչպես նաև գազ է մատակարարում նրան: