![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիացի օդաչուները դեմ են «երկու մարդու» կանոնի ներդրմանը
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/pic_575e75186d2b79eaae9dd0a50df3161f.jpg)
Le Soir-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի Օդաչուների ազգային արհմիությունը դեմ է հանդես եկել օդաչուների սենյակում «երկու մարդու կանոնի» ներդրմանը, որի համաձայն` այնտեղ մշտապես պետք է գտնվի օդանավի անձնակազմի երկու անդամ:
Նման միջոցի անհրաժեշտությունը ծագեց օրեր առաջ ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերության A-320 օդանավի կործանումից հետո: Հետաքննության տվյալներով` երբ օդանավի հրամանատարը դուրս է եկել օդաչուների սենյակից, երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը փակվել է սենյակում և օդանավն ուղղել է դեպի ներքև:
Դրանից հետո Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) հայտարարեց ժամանակավոր հենքով կանոնի ներդրման նպատակահարմարության մասին: Արհմիության կարծիքով` գերատեսչությունն այդ որոշումը կայացրել է հապճեպ` չսպասելով վթարի պատճառների ամբողջական բացահայտմանը:
EASA-ն կարծում է, որ օդաչուները ողջ թռիչքի ժամանակ պետք է մնան սենյակում` բացառությամբ ֆիզիոլոգիական կարիքների հետ կապված դեպքերի: Ավիաաղետից հետո եվրոպական մի շարք ավիաընկերություններ, ինչպես նաև Կանադայի կառավարությունն այս շաբաթ հայտարարեցին «երկու մարդու» կանոնի ներդրման վերաբերյալ իրենց որոշման մասին: