
Պուտինն ու Ռոուհանին քննարկել են Եմենում ստեղծված իրավիճակը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվայում լրջորեն անհանգստացած են Եմենում իրավիճակի զարգացումից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա լրագրողների խնդրանքով մեկնաբանել է երեկ Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոուհանիի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը.
«Ռոուհանիի հետ այդ թեման քննարկելը վկայում է այն մասին, որ Մոսկվայում լրջորեն մտահոգված են, թե իրավիճակն ինչպես է զարգանում Եմենում: Կրեմլը դատապարտում է Եմենում իրականացվող ռազմական գործողությունն ու աջակցում է այդ երկրի նախագահին»:
Ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Ռոուհանին, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Եմենում ստեղծված իրավիճակը, և որ ռուսական կողմն ընդգծել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ու հակամարտությունը խաղաղ ճանապարհով, այդ թվում նաև ՄԱԿ-ի միջոցով կարգավորելու կարևորությունը: