«Հանրակրթությանը պետք է շատ զգույշ մոտենալ, վիրահատական փոփոխություն չեք կարող անել». Արամ Մանուկյան
Այսօր Աժ նիստում «ՀՀ կրթության մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ, որով առաջարկվում է սահմանել 12-ամյա պարտադիր կրթություն, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ գաղափարը լավն է, բայց անհնար է իրականացնել:
«Ցանկացած գեղեցիկ գաղափար, որ չհիմնավորված դնում ես, կարող է լինել ավելի վատ արդյունք,- ասաց Ա.Մանուկյանը՝ օրինակ բերելով ավագ դպրոցների գաղափարը և շարունակեց,- Ի՞նչ է այս հրատապությունը, ինչո՞ւ է այս խեղճուկրակ համակարգում այսքան հրատապ ռեֆորմ արվում: Հանրակրթությանը պետք է շատ զգույշ մոտենալ, վիրահատական փոփոխություն չեք կարող անել»:
Ըստ նրա՝ սոցիալական ծանր պայմաններում չի կարելի պարտադրել, որ մարդը չաշխատի ու գնա սովորի: Մանուկյանը նշեց, որ պետք է ապահովել, ոչ թե պարտադրել. «Պետք է խոսել ծրագրերով: Պետությունը պետք է երաշխավորի ծրագրի իրականացմանը, եթե քաղաքացին ուզում է: Կրթությունն իրավունք է և պետությունը պետք է իրավունքի իրացումը երաշխավորի: Պարտադրանքը բերելու է ձախողման»: