Դեղերը մատչելի կդառնան
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Օրենքների ընդունմամբ ակնկալվում է էապես բարձրացնել դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը, բնակչությանն ապահովել որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով:
Նիստում հավանություն են ստացել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց նախապատրաստումը պայմանավորված է իրավակիրառական պրակտիկայում հանդիպող և նշված օրենքներով լիարժեք չկանոնակարգված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Գործադիրը քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով նախագծի ընդունումը թելադրված է տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների շահերը արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը նույնպես արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը:
Նիստում քննության է առնվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Օրինագիծը միտված է թաղման նպաստի տրամադրման ժամկետի կրճատմանը և նպաստի նվազագույն չափի ավելացմանը: Կառավարության եզրակացությունը բացասական է, քանի որ ոչ 2015թ. պետբյուջեով, ոչ էլ ՀՀ 2015-2017թթ. ՄԺԾԾ-ով այդպիսի միջոցներ նախատեսված չեն:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: