Ավետ Տերտերյանի անվամբ փողոց անվանակոչելու որոշումն արդեն հաստատվել է Եկատերինբուրգում
Անցյալ տարի հայտարարվեց, որ Եկատերինբուրգի քաղաքային իշխանությունը մտադիր է փողոց անվանակոչել հայ ճանաչված երաժշտահան Ավետ Տերտերյանի անվամբ: «Որոշումն օրերս արդեն հաստատվել է և Ակադեմիական անվանումով նորակառույց թաղամասերից մեկում փողոց է լինելու Տերտերյանի անվամբ»,- 168.am-ին հայտնեց Ավետ Տերտերյանի որդին` Էկվադորում բնակվող և աշխատող երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը: Նա կարևորեց Տերտերյանի եկատերինբուրգյան շրջանը. անվանի կոմպոզիտորը 1988-ից հետո երեք ձմեռային շրջան դասավանդել է Եկատերինբուրգի կոնսերվատորիայում, որտեղ էլ մահացել է 1994–ին` իր կազմակերպած առաջին փառատոնից օրեր առաջ:
«Ռուսաստանի խոշորագույն քաղաքներից մեկում նրա անվամբ փողոց անվանակոչելն առաջին հերթին հարգանք է ոչ միայն Տերտերյանի, այլև` հայ ժամանակակից արվեստի նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Տերտերյանը: Նա կարևորեց նաև այս տարի Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի նախաձեռնությամբ Այրիվանքում հուլիսի 29-ին տեղի ունենալիք երաժշտական փառատոնը` «Տերտերյանական ժամանակներ» ծրագրի շրջանակներում: Այրիվանքը պատահական չի ընտրվել. հայտնի է, որ Բաքվում ծնված, Երևանում բնակված երաժիշտն իր կյանքի վերջին մի քանի տասնամյակն անցկացրել է Այրիվանքում` իրիսկ կառուցած տանը մենակյացի կյանք վարելով: