Զարուհի Փոստանջյանը մեղադրեց ՀՀՇ-ին ու Լևոն Տեր-Պետրոսյանին
«23 տարի է՝ մենք ապրում ենք անկախ ՀՀ-ում: Դեռ խորհրդային Հայաստանում մենք ընդունեցինք որոշում, որով ճանաչեցինք Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ կատարված Ցեղասպանությունը: Այս շուրջ 23 տարիների մեր բացթողումն է, որ այսօր ենք քննարկում այս օրինագիծը: Լավ է, որ այս գիտակցության ենք այսօր, մեր ազգային շահերից է բխում՝ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից հույների, ասորիների դեմ ցեղասպանությունը»,- այսօր ԱԺ-ում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա ՀՀՇ-ին ու Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց Ղարսի Մոսկվայի պայմանագրի վերաբերյալ դատապարտող հայտարարություն չունենալու մեջ: Ըստ Զ. Փոստանջյանի՝ Թուրքիան հավերժ չէ, ինչպես կազմավորվել է, այնպես էլ պետք է քանդվի: Ըստ նրա՝ հարևան լինելու հանգամանքը չպետք է խոչընդոտի դատապարտմանը. «Որքան դրսևորենք պետական մոտեցում, այնքան հաշվի կնստեն մեզ հետ: Որքան վախվորած մոտեցում դրսևորենք, այնքան հաշվի կնստեն»:
Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստան Գյուլի գալու հետ կապված Լևոն Տեր-Պետրոսյանը հետաձգեց հանրահավաքը, քանի որ ողջունում է բարեկամության քաղաքականությունը: Զ. Փոստանջյանը կոչ արեց սթափության, հասկանալու ու գնահատելու, որ ներկայիս Թուրքիան և 100 տարի առաջվա Թուրքիան նույն քաղաքականությունը վարող միավորն է, ոչինչ չի փոխվել, ինչ եղել է հարյուր տարի առաջ, նույնը շարունակվում է այսօր: Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ ՀՀ-ն պետք է փոխվի և ՀՀ-ն պետք է իր ձեռքը երկաթե շերեփ վերցնի:
Ըստ նրա՝ հասկանալի է, որ գերտերությունների շահն այս պահին էլ բանեցվում է, բայց ՀՀ-ն պետք է դրսևորի համահայկական քաղաքականություն, իմանա սեփական ուղերձն ու դա պահանջի մյուս պետություններից. «Հավաքական ուժի ներքո մենք չենք գործում, ինչպես դա ասում էր Չարենցը»: