Իսրայելցիներին խորհուրդ չի տրվել այցելել Թուրքիա, Ադրբեջան ու Չեչնիա
Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Իսրայելի Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով շտաբը հրապարակել է այն երկրների ու շրջանների ցանկը, ուր խորհուրդ չի տրվում այցելել իսրայելցիներին:
Շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ բոլոր զգուշացումները հենված են ստույգ և ճշգրտված հետախուզական տվյալների վրա և արտացոլում են արտերկրում իսրայելցիների դեմ ահաբեկչությունների իրական սպառնալիքը:
Շտաբի զգուշացումներն առնչվում են աշխարհի 193 երկրից 41 երկրի, ինչպես նաև 8 առանձին շրջանի: Շտաբը հիշեցրել է, որ օրենքով արգելված և քրեական պատասխանատվություն է սահմանված Իրան, Լիբանան, Սիրիա, Իրաք, Սաուդյան Արաբիա ու Եմեն այցելելու համար:
Հրապարակված զգուշացման համաձայն՝ իսրայելցիների ու հրեական օբյեկտների դեմ ահաբեկչական սպառնալիքը բարձր է Լիբիայում, Սուդանում, Սոմալիում, Ալժիրում, Ջիբութիում, Մավրիտանիայում, Թունիսում:
Խորհուրդ է տրվում զերծ մնալ ԱՄԷ, Բահրեյն, Հորդանան, Քուվեյթ, Եգիպտոս (ներառյալ Սինայի թերակղզին), Կատար այցելելուց, ուր սպառնալիքի մակարդակը նշված է որպես «կոնկրետ»: Շտաբը խորհուրդ է տալիս հետաձգել այցերը Մարոկկո ու Օման, ուր սպառնալիքի մակարդակը նշված է որպես «մշտական»:
Շտաբը խորհուրդ է տալիս խուսափել Աֆղանստան, Ինդոնեզիա, Բուրկինա Ֆասո, Կոտ դԻվուար, Տոգո, Մալի, Մալայզիա, Պակիստան, Ադրբեջան, Նիգերիա, Քենիա, Թուրքիա այցելելուց:
Բացի այդ, խորհուրդ է տրվել հրաժարվել 8 սահմանային գոտի այցելելուց՝ Թայլանդի հարավ, Նիգերիայի հյուսիս, Եգիպտոսի Սինայի թերակղզի, Արևելյան Սենեգալ, Հնդկաստանի հյուսիսում գտնվող Քաշմիր, Ֆիլիպինների հարավում գտնվող Մինդանաո կղզի, Ռուսաստանի հարավում գտնվող Չեչնիա, Քենիա՝ մայրաքաղաք Նայրոբի և ծովափնյա 100 կիլոմետրանոց գոտի: