
Աֆղանստանի նախագահը կողմ է արտահայտվել ամերիկյան զորքերի մնալու ժամկետի երկարաձգմանը

NPR-ին տված հարցազրույցի ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին աջակցություն է հայտնել երկրում ամերիկացի զինծառայողների մնալու ժամկետի երկարաձգմանը: Նա ընդգծել է, որ քաղաքացիների մեծ մասը կարիք ունի ԱՄՆ զորքերի հետագա ներկայությանը, և որ իրականությանը չի համապատասխանում այն պատկերացումը, թե աֆղանները դեմ են դրան.
«Աֆղանստանի քաղաքացիները կարծում են, որ ԱՄՆ-ն վճռորոշ նշանակություն ունի իրենց ապագայի համար: Աֆղանստանն ու ԱՄՆ-ն ունեն ընդհանուր շահեր: Սպառնալիքները, որոնց հետ մենք բախվում ենք ամեն օր, վտանգ են ներկայացնելու համայն աշխարհին»:
Աշրաֆ Գանին երեկ իր առաջին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ: Ակնկալվում է որ այսօր նա հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Պլանավորված են նաև բանակցություններ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ: Աշրաֆ Գանին Աֆղանստանի նախագահ է դարձել 2014 թվականի սեպտեմբերին: