Ով էր ստիպել ՀՀԿ-ականներին՝ դեմ լինել
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 20-ին թեժ քննարկում ընթացավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած` 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի շուրջ:
Նախագծով առաջարկվում է, որ ԱԺ-ն հայտարարի, որ հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը, և «ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ ՌԴ-ից ողջամիտ որոշում ՀՀ քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար` առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել ՀՀ իշխանություններին»:
Զ.Փոստանջյանը ներկայացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է գրել, որ խախտվել է միջպետական 2 պայմանագիր, և խնդրում է փոխանցել Պերմյակովին: ՌԴ Դատախազությունից պատգամավորին պատասխանել են, որ Պերմյակովին ձերբակալել են ՌԴ իրավապահները, և այդ պատճառով նա գտնվում է ՌԴ իրավասության ներքո: Զ.Փոստանջյանը նշեց, որ ռուսները հղում են անում հանձնման գործառույթին և ՌԴ Սահմանադրությանը, մինչդեռ ինքը հղում է արել «փոխանցել» գործառույթին:
Զ.Փոստանջյանը հայտարարեց, թե ՀՀ-ում որևէ երկրի իրավապահ մարմին իրավասու չէ գործողություններ կատարել, դա նույնն է թե` ՀՀ իրավապահները գնան մեկ այլ երկրում ՀՀ որևէ քաղաքացու ձերբակալեն: Ըստ նրա` հետաքննությունը ՀՀ իրավապահների հետ համատեղ պետք է տեղի ունենար: Նա նշեց, որ Պերմյակովին ձերբակալել են ՌԴ սահմանապահ զորքերը` չիմանալով, թե ով է նա, Պերմյակովը չի ունեցել փաստաթուղթ ու չի կրել համազգեստ:
Մինչդեռ, ըստ նրա, միջպետական պայմանագրի համաձայն` ապօրինի սահմանախախտման դեպքում պետք է անմիջապես տեղեկացնեն ՀՀ ԱԱԾ-ին և գործողությունները կատարեն նրանց հետ միասին: Պատգամավորը նկատեց, որ մինչ օրս չի հրապարակվել ՀՀ դատախազի նամակը ՌԴ դատախազին ու դրա պատասխանը:
«Այս հայտարարությունը նրա համար է, որ մենք դատապարտենք ու հետամուտ լինենք մեր իրավունքներին և որպես սուվերեն պետություն` պաշտպանենք մեր իրավունքները: Եթե չենք անում, նշանակում է, որ ենթարկվում ենք այլ պետության ապօրինի պահանջներին և չենք հարգում մեր ինքնիշխանությունը»,- ասաց Զ.Փոստանջյանը: Ըստ նրա` ակնհայտ է, որ խախտվել է թե՛ ՀՀ Սահմանադրությունը, թե՛ օրենքները, և տվյալ դեպքում իրավակարգը նշում է, որ ՀՀ դատախազը կամ ԱԱԾ պետը կամ այլ իրավապահ մարմին պետք է կայացնեն ձերբակալության որոշում, գնան ՌԴ ռազմաբազա ու Պերմյակովին ձերբակալեն, բայց այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինները հրաժարվում են իրականացնել դա. «Մեր խնդիրն է, որպեսզի մենք հնարավորություն ունենանք դատապարտել, որ չկրկնվի նման եղեռնագործություն: Պատվիրատուներն ունեն ադրբեջանաթուրքական հետքեր: Նույն ներկայացուցիչները Երևանում էլ կարող են մտնել ու նման եղեռնագործություն գործել: Դա հենց այնպես չի եղել, հենց այնպես չեն մտնում գիշերը մի ընտանիք ու նման եղեռնագործություն իրականացնում»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե նախագիծն ամբողջությամբ կառուցված է այն դատողության կամ հիմքի վրա, որ Պերմյակովը կատարել է սահմանախախտման փորձ, սակայն նրան ՀՀ սահմանը խախտելու մեղադրանք չի առաջադրված: Ջհանգիրյանը նաև հայտարարեց, թե «փոխանցել» եզր չի օգտագործվում, կա` կա՛մ հանձնել, կա՛մ արտահանձնել. «Այս քննարկումներում մենք բաց ենք թողնում կարևորագույն խնդիրը` ինչո՞ւ մեր օպերատիվ հետախուզական մարմինները երկար ու ձիգ ժամեր չեն կարողացել Պերմյակովին օպերատիվ հայտնաբերել ու ձերբակալել: Եթե մեր իրավապահները ձերբակալած լինեին, այդ ամբողջ խնդիրը դուրս կգար: Ինչո՞ւ չեք պահանջում անգործություն դրսևորածներին գոնե կարգապահական տույժի ենթարկել»:
Զ.Փոստանջյանի խոսքով` մեր իրավապահները հայտարարում էին, որ ամեն ինչ վերահսկում են, և հանցագործության մասին հաղորդումը հենց դրան էր վերաբերում, թե ինչու իրենք չեն ձերբակալել, բայց ՀՔԾ-ն անգործություն չի տեսել մեր իրապահների գործողություններում: Զ.Փոստանջյանը նշեց, որ Պերմյակովն ապօրինի է գտնվում ռուսական կողմի մոտ, դրա համար «հանձնել» եզրույթը չեն օգտագործում, նաև ՌԴ-ի հետ բարիդրացիական հարաբերություններն են ենթադրում դա: «Ինձ հետ էլ է տեղի ունեցել, ձեզ հետ էլ կլինի:
Նույն այդ մարդիկ կարող են ավտոմատը պահել ձեզ վրա ու դուրս հանել մեքենայից, մեկուսացնել՝ օտար լեզվով, առանց իրավական հիմքերի: Իրենք իրավասություն չունեն ձերբակալելու»,- ասաց Զ.Փոստանջյանը: Գ.Ջհանգիրյանը պնդեց, թե պայմանագրերում ասվում է, որ եթե ձերբակալումը կատարեին ՀՀ իրավապահները ՀՀ տարածքում, այդ անձը պետք է գտնվեր ՀՀ իրավասության ներքո, բայց եթե ձերբակալումը ՀՀ տարածքում կատարել են ՌԴ իրավապահները, ապա գտնվում է ՌԴ իրավասության ներքո, եթե նա հանցագործություն է կատարել ռազմաբազայի տարածքում:
Զ.Փոստանջյանը հակադարձեց, որ ձերբակալել են ՌԴ սահմանապահները, և ոչ թե ռազմաբազայի ծառայողները, իսկ սահմանապահները ձերբակալելուց չպետք է պարզեին՝ ով է նա, այլ պետք է հանձնեին ՀՀ իրավապահներին: Առավել ևս, ինչպես նկատեց Փոստանջյանը, Պերմյակովին սահմանախախտման փորձի մեղադրանք չի առաջադրվել, և ՌԴ սահմանապահները նրան ձերբակալելու իրավունք չունեին: «Այսպիսի նախագծերով Ավետիսյանների հարազատներին փորձում ենք գցել թյուրիմացության մեջ»,- հայտարարեց Գ.Ջհանգիրյանը` հավելելով, թե ամեն դեպքում կողմ կքվեարկի նախագծին: Զ.Փոստանջյանը հակադարձեց, որ թյուրիմացության խնդիր չկա: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց նախագիծն անխոցելի ու նպատակային դարձնելու համար` ետ վերցնել և հանձնաժողովի անունից հարցումներով դիմել պետական մարմիններին:
Լեզվակռիվ տեղի ունեցավ նաև հարակից զեկուցող` ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանի և Զ.Փոստանջյանի միջև, երբ վերջինս փորձեց ակնարկել, թե Պուտինից պատասխան չկա, ու համեմատություն արեց 90-ականներին «Բարբի» տիկնիկ խնդրելու մասին Գորբաչովին ուղղված մի աղջկա դիմումի հետ: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հորդորեց հարցը չշահարկել. «Ցանկացած բան առաջինն Ավետիսյանների վրա է անդրադառնում»:
Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ականները դեմ են նախագծին, այս ձևով փաստաթուղթ ընդունելը տեղին չէ, հանձնաժողովն էլ «կապրիզների» տեղ չէ, ու հանձնաժողովի անունից հարցումներ չեն ուղարկի. «Մենք դեմ ենք, մենք դեմ էլ չենք` մեզ ստիպում եք դեմ լինել»: Զ.Փոստանջյանը հրաժարվեց նախագիծը ետ վերցնել, եթե պետական մոտեցում չի ցուցաբերվում, և հանձնաժողովի անունից հարցումներ չեն ուղարկվելու: Որպեսզի չստացվի, թե հանձնաժողովը դեմ է Պերմյակովին հայկական կողմին փոխանցելուն, ՀՀԿ-ականները ձեռնպահ մնացին, և նախագծին միայն 4 պատգամավոր կողմ քվեարկեց, այդ թվում` Գ.Ջհանգիրյանը: Արդյունքում` անբավարար ձայների պատճառով նախագիծը չմտցվեց ԱԺ նիստերի օրակարգ:
Մեզ հետ զրույցում Զ.Փոստանջյանը նշեց, որ եթե հանրության կողմից ճնշում չլինի, գործի ընթացքը չի փոխվի, և իրական մեղավորները չեն պատժվի. «Հանրությունը պետք է պահանջի, որ փոխանցեն: Միանշանակ պետք է պայքարենք, չպետք է լռենք: Լռությունը նշանակում է` նորից եղեռնագործություն: Հանրությունը պետք է ինքնակազմակերպվի, սա մի հոգու, մեկ քաղաքական գործչի խնդիր չէ: Պետք է ինքնակազմակերպվենք: Հերիք չէ` ապօրինությունը փորձում են անտեսել, լռեցնել, ավելին՝ այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնք փորձում են ձայն բարձրացնել, բողոքել, հետապնդում են իրականացնում: Տասնյակ մարդկանց մեղադրանք է առաջադրվել, այսինքն՝ իրավատեր քաղաքացիներին փորձում են լռեցնել»: ՀՀԿ-ականների դեմ լինելը Զ.Փոստանջյանը որակեց` որպես իրական հանցագործներին կոծկելու ձգտում.
«Ակնհայտ է, որ ՌԴ-ին իրենք ընկալում են` որպես վերադաս: Ակնհայտ է, որ ՌԴ-ն խախտել է ՀՀ Սահմանադրությունը և չի հարգում ՀՀ քաղաքացիների իրավունքները: Նաև ակնհայտ է, որ ՀՀԿ ներկայացուցիչներն ուղղակի սպասարկում են այդ խախտումն ու ցանկությունը, որ կոծկեն իրական հանցագործներին, այսինքն՝ թույլ չտան, որ բացահայտվի իրականությունը, որի դեպքում, ես կարծում եմ, որ մենք շատ խորը վիշտ ենք ապրելու: Սա եղեռնագործություն է և հենց այնպես տեղի չի ունեցել: Սա ՌԴ ԶՈՒ-ում տիրող խայտառակ մթնոլորտի և խայտառակ բարքերի հետևանք է: Սա ոչ միայն գյումրեցիների, ոչ միայն Ավետիսյանների ընտանիքի խնդիրն է, այլև յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու խնդիրն է, որովհետև, եթե այս ապօրինությունը չբացահայտվի, յուրաքանչյուրի նկատմամբ կլինի նման եղեռնագործություն»:
«168 Ժամ» թերթ