Երևանում կայացել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստը
Մարտի 19-20-ը Երևանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի 14-րդ նստաշրջանը, որին մասնակցել են Հայաստանի ֆինանսների նախարարը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարները, իսկ Ղրղզստանի, Տաջիկստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով: Նիստի մասնակիցներին ողջունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ միավորված խորհրդի՝ 2015թ. առաջին նիստի անցկացումը Երևանում վկայում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի մասին. «Մաքսային ծառայությունների միավորված խորհրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը»:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ նիստը ևս մի քայլ է` ուղղված մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և խորացմանը` ուշադրության կենտրոնում պահելով փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջև ինտեգրացիոն գործընթացներն ավելի կարևոր նշանակություն են ստանում.
«Մաքսային Միության անդամ երկրների մաքսային ծառայությունների Միացյալ կոլեգիայի գործունեությունն ուղղված է այն փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կբերեն մեր երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը, մաքսային գործընթացների ներդաշնակեցմանն ու դյուրացմանը, փոխհամաձայնեցված միջոցառումների կիրառմանը` ներքին շուկաները ստվերային ու կեղծված ապրանքներից պաշտպանելու նպատակով: Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում համատեղ կկարողանանք գալ այնպիսի հարցերի լուծման, որոնք կհեշտացնեն մեր երկրների փոխգործակցությունը, ինչպես նաև կնպաստեն մաքսային գործընթացների պարզեցմանը` արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար»,-շեշտել է Գագիկ Խաչատրյանը: Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի խոսքով` նիստում քննարկվել է հարցերի լայն շրջանակ. «Առաջին անգամ Հայաստանը Միավորված կոլեգիայի նիստին մասնակցում է որպես Միության լիիրավ անդամ. ԵՏՄ անդամակցությունից հետո սա առաջին նիստն է, որ անցկացվում է Երևանում, հետևաբար հիմնականում քննարկվել են ինտեգրացման և կազմակերպչական բնույթի, նաև Ղրղզստանի անդամակցության հետ կապված հարցեր»:
Խորհուրդը քննարկել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները, ամփոփել նախորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը, աշխատանքային խմբերի 2014թ. գործունեության արդյունքները և նախանշել 2015 թվականի գործունեության ծրագիրը:
Մասնավորապես քննարկվել են ԵՏՄ սահմաններին իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տվյալների պարբերական փոխանակման, Մաքսային միության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում /ԱՏԳԱԱ/ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումների տեղեկատուի ժամանակացույցի սահմանման և կիրառման, նավահանգիստներով և ԵՏՄ մյուս տարածքներով փոխադրվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթների հետ կապված հարցեր: Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև ԵՏՄ մաքսային սահմաններով մաքսանենգ ապրանքների տեղափոխման ուղիների բացահայտման և վերացման, մաքսային գործում հանցավորության կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված օպերատիվ տեղեկատվության փոխանակման, ԵՏՄ մաքսային մարմինների միջև վարչական իրավախախտումների և դրանց իրականացնողների վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կարգերին, ինչպես նաև ԵՏՄ մաքսային տարածքում ներմուծված ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման խնդիրներին:
Անդրադարձ է եղել նաև 2014թ. հոկտեմբերի 10-ից հետո Հայաստան ներկրված ավտոմեքենաների կարգավիճակի սահմանման համար պահանջվող փաստաթղթերի ցանկի հստակեցմանն, ինչպես նաև ԵՏՄ այլ երկրներ ներմուծվող մեքենաների մաքսատուրքերի չափերի ու հարկերի, ԵՏՄ մաքսային տարածքից դուրս եկող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային գործընթացների նույնականացմանն առնչվող հարցերի: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են ԵՏՄ մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման կարգի առանձնահատկությունները: Միավորված կոլեգիայի տեղակալ է ընտրվել ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը: Ի դեպ, 14-րդ նիստին նախորդել են ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների փորձագիտական խմբերի աշխատանքները:
Մաքսային ծառայությունների ղեկավարներին այսօր ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Հայաստան այցի շրջանակում պատվիրակություններն այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ինստիտուտ-թանգարան:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին