
Քեմերոնի կառավարությանը կասկածում են ԵՄ-ի պատժամիջոցների շրջանցմամբ ՌԴ-ին զենք մատակարարելու մեջ

The Times-ի փոխանցմամբ՝ բրիտանացի պատգամավորները վարչապետ Դևիդ Քեմերոնի կառավարությանը կասկածել են ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների շրջանցմամբ Ռուսաստանին զենք վաճառելու մեջ: Պատգամավորները ցանկացել են իմանալ, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուկրաինական դեպքերի ֆոնին շարունակում զենքի առևտուրը Ռուսաստանի հետ:
Պատգամավորները պահանջել են նաև ստուգել զենքի ու երկակի նշանակության տեխնոլոգիաների մատակարարման վերաբերյալ գործող բոլոր 248 լիցենզիաները՝ ԵՄ-ի պատժամիջոցների պահանջներին համապատասխան: Խոսքն առաջին հերթին գնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի մասին, ինչպիսիք են լրտեսական ծրագրերն ու ուղղաթիռների դետալները:
Պայմանագրերի գումարը կազմում է գրեթե 170 միլիոն ֆունտ սթեռլինգ (ավելի քան 250 միլիոն դոլար): Խորհրդարանի՝ սպաազինության արտահանման վերահսկման հանձնաժողովի անդամները վստահեցնում են, որ կառավարությունը հրաժարվել է հայտնել, թե ով է այդ լիցենզիաներով ապրանքներ ստացող կողմը:
Բրիտանական կառավարության մամլո քարտուղարն իր հերթին հայտարարել է, ո Ռուսաստանին մատակարարումների բոլոր լիցենզիաներն ամբողջովին համապատասխանում են ԵՄ-ի պահանջներին: ԵՄ-ը Ռուսաստանին ռազմական տեխնոլոգիաների ու երկակի նշանակության ապրանքների մատակարարումների վրա արգելք է դրել 2014 թվականի հուլիսի 31-ին: